Ձևավորվում են իրար դեմ մարտնչող միջավայրեր, որոնք մի օր կբախվեն ֆիզիկական հարթությունում

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 16, 24News

վանեցյան

«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն «Առավոտ» օրաթերթի հետ զրույցում ասել է, թե Նիկոլ Փաշինյանի կառավարման շրջանը Հայաստանի պատմության մեջ կմնա որպես անորոշության, տարերային փլուզման և դժբախտության ժամանակաշրջան:

«Տիրապետող անիշխանության պայմաններում գրեթե բոլոր ոլորտներում շարունակվում են արձանագրվել խայտառակ ձախողումներ: Բայց կա շատ ավելի կարևոր հարց, քան գործող իշխանության ձախողումներն ու տապալումներն են: Քարուքանդ եղած տնտեսությունը հնարավոր է վերականգնել, ավերվող կրթական և սոցիալական համակարգերը հնարավոր է անցնցում վերստեղծել: Կարելի է նույնիսկ վերակառուցել դաշնակից և բարեկամ պետությունների հետ փոխհարաբերությունները, որոնք ստվերվել ու փչացվել են իշխանության հետևողական ապաշնորհության հետևանքով: Այսինքն, Փաշինյանի կողմից ավերված ցանկացած ոլորտ հնարավոր է վերականգնել, միայն թե կամքի, կառավարման կարողության և ճիշտ մարդկանց առկայությամբ:

Բայց այն, ինչի մասին, որ ուզում եմ խոսել, ոչ միայն չափազանց բարդ է վերականգնել, այլ նաև դրա քայքայումը կարող է հանգեցնել անդառնալի հետևանքների: Խոսքը հանրային համերաշխության մասին է: Եթե այն ամուր լիներ, ապա մնացյալ խնդիրները (տնտեսական, սոցիալական, պաշտպանական և այլն) կանխատեսելի ու լուծելի կլինեին, բայց խնդիրն այն է, որ Նիկոլ Փաշինյանի թեթև ձեռքով հանրային համերաշխությունը դատապարտվել է աստիճանական քայքայման և կազմաքանդման: Արդեն երկու տարի է, ինչ Հայաստանի իշխանությունների հետևողական ջանքերով ներհանրային միջավայրում ներքին խորը կոնֆլիկտ է սանձազերծվում: Դա անտեսանելի մարտահրավեր է, ինչի հետևանքով հասարակական կառույցը սահուն ընթացքով մաշվում է և հյուծվում: Իմ կանխատեսմամբ այս գործընթացի վերջնական հանգրվանը հանրային խմբերի թշնամացումն է և մարդկանց շերտավորումը: Այսինքն՝ ձևավորվում են իրար դեմ մարտնչող և հակամարտող տարատեսակ միջավայրեր, որոնք ինչ-որ մի օր բախվելու են նաև ֆիզիկական հարթությունում:

Այսինքն՝ «բոլորը կռվում են բոլորի դեմ», և հենց այս չընդհատվող «պատերազմն» է փաշինյանական իշխանության «լեգիտիմության» աղբյուրը։ Սա անտեսանելի մարտահրավեր է և շատ ավելի վտանգավոր, քան Հայաստանի դեմ թշնամաբար տրամադրված հարևանները», - ասել է նա:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ձևավորվում են իրար դեմ մարտնչող միջավայրեր, որոնք ինչ-որ մի օր բախվելու են ֆիզիկական հարթությունում:

--00—ԼՄ