Հայտնի է Գագիկ Ծառուկյանի կալանքի գործը քննող դատավորի անունը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 17, 24News 

քաղաքական

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդությունը քննվելու է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում՝  դատավոր Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ։ Այդ մասին 24News-ին տեղեկացրեց Գագիկ Ծառուկյանի փաստաբան Էմին Խաչատրյանը։

«Ներկայացված միջնորդությունն ու փաստաթղթերը հիմնազուրկ և չփաստարկված են, անմեղության կանխավարկածի շեմը նույնիսկ հաղթահարված չէ, քննիչի միջնորդությունը պետք է մերժվի», - նշեց Խաչատրյանը։ 

Էմին Խաչատրյանը հավելեց, որ հակառակ դեպքում Վերաքննիչ դատարան բողոք կներկայացնեն, կան նաև այլ նախատեսված գործողություններ, սակայն, մարտավարությունից ելնելով, չցանկացավ մանրամասնել։ 

Նշենք, որ Գագիկ Ծառուկյանին առնչվող քրեական գործը կապված է 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ԲՀԿ–ի՝ ընտրակաշառք բաժանելու ենթադրյալ դեպքերի հետ։ Ծառուկյանն այս գործում որպես մեղադրյալ է ներգրավվել։ 

Ավելի վաղ՝ հունիսի 16-ին, Ազգային ժողովը հավանություն տվեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի ներկայացրած երկու միջնորդություներին՝ Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու և ազատազրկելու վերաբերյալ։

Սոնա Գրիգորյան

--0--ԿԿ