Օլիգարխը Փաշինյանին կառավարման համար 3 ամիս է տվել. «Նեզավիսիմայա գազետա»

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 17, 24News

ծառուկյան
«Նեզավիսիմայա գազետան» «Օլիգարխը Փաշինյանին կառավարման համար 3 ամիս է տվել» վերնագրով հոդված է հրապարակել՝ անդրադառնալով ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի շուրջ ծավալված իրադարձություններին:

Հոդվածագիր Յուրի Սիմոնյանը գրում է, որ ՀՀ ԱԺ 87 պատգամավորներն ընդդիմադիր կուսակցության ղեկավարին զրկել են անձեռնմխելիությունից, և որ քվեարկությունն ընթացել է նրա աջակիցների բողոքի ակցիաներին զուգահեռ:

«Նրանք հիմնականում օլիգարխի ձեռնակությունների աշխատողներն էին: Կեսօրին արդեն Երևանի ոստիկանությունը բերման էր ենթարկել 100-ից ավելի մարդու, այդ թվում՝ հայտնի մարզիկների»,-գրում է հեղինակը, ապա նկատում, որ ակցիային մարզիկների մասնակցությունը պայմանավորված էր այն հանգամանքով, որ Գագիկ Ծառուկյանն ՀԱՕԿ նախագահն է, և հաճախ ֆինանսավորում մարզիկներին տարբեր մրցումներին մասնակցելու համար:

Հոդվածագիրն անդրադառնում է նաև ԱԺ ամբիոնից Գագիկ Ծառուկյանի ելույթին, որի ժամանակ վերջինս ևս մեկ անգամ վերահահստատել էր նախկին հայտարարությունը, թե կառավարությունը ձախողվել է, և որ պետք է ամբողջական կազմով  հրաժարական տա:

«Նա կրկնեց իր այն հայտարարությունը, որից սկսվել էին բոլոր խնդիրները»,-գրում է հեղինակը, ապա մեջբերում ստեղծված իրավիճակի վերաբերյալ քաղաքագետ Անդրանիկ Թևանյանի տեսակետը:

«Իշխանությունները փորձում են վերաբաշխել կապիտալը՝ դա որակելով որպես կոռուպցիայի դեմ պայքար: Փաշինյանը հանրային ցնցումների է գնում հանուն կապիտալի կուտակման, ինչը կարող է տարածքների և նույնիսկ պետականության կորստի հանգեցնել:

Եթե Փաշինյանին հաջողվի խոշոր կապիտալի հախից գալ, ապա նա անցում կկատարի միջինին և մանրին: Աղքատները կսկսեն ավելի վատ ապրել և կկերակրվեն միայն «լայվերով»»,-ասել է քաղաքագետը:

Հոդվածագիրն թեմայի շրջանակում զրուցել է նաև վերլուծաբան Բորիս Նավասարդյանի հետ: Վերջինս նկատել է, որ Ծառուկյանի դեմ պաշտոնապես մեղադրանքների առաջադրմանը նախորդել էր նրա մասնակցությունն ընդդիմության կոնսոլիդացման գործընթացին:

«Ծառուկյանի դեմ գործողությունների վերաբերյալ գնահատականները ոչ միանշանակ են: Ոմանք դա մեկնաբանում են որպես երկար սպասված վճռականության դրսևորում և հին համակարգի դեմ պայքարում անզիջում դիրքորոշում, մինչդեռ քաղաքացիների մյուս մասն էլ, որը նույնիսկ չի էլ համակրում Ծառուկյանին, տեղի ունեցածը գնահատում է իշխող քաղաքական ուժի իշխանության պահպանման նպատակով պետական ճնշումների ուժեղացում»,- ասել է Նավասարդյանը:

--00—ԼՄ