Վարչապետը գագաթնաժողովին կարևորել է վիզաների ազատականացման երկխոսությունը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 18, 24News  

․

Բարեփոխումների յուրաքանչյուր փուլում Հայաստանի կառավարությունը զգացել է եվրոպական գործընկերների անվերապահ աջակցությունը: Այդ մասին Արևելյան գործընկերության գագաթնաժողովի տեսակոնֆերանսին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Եվրամիությունը Հայաստանի հիմնական գործընկերն է պետական կառուցակարգերի կայացման գործում: Այս առումով առանձնահատուկ նշանակություն ունի Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը:

Հայաստանը հանձնառու է զարգացնել գործընկերությունը ԵՄ-ի հետ՝ հիմնված ընդհանուր ժողովրդավարական արժեքների և մշակութային ընդհանրությունների վրա: Արևելյան գործընկերությունը մեր համագործակցության շարժիչ ուժն է: Այն ապահովում է արդյունավետ հարթակ ԵՄ-ի և տարածաշրջանի երկրների հետ երկխոսության և համագործակցության համար: Դրա ամբողջականության և շարունակականության պահպանումը կարևորագույն նշանակություն ունի: Ներքին բաժանումներ ստեղծելու ցանկացած փորձ կխաթարի Գործընկերության բուն փիլիսոփայությունն ու ազդեցությունը»,- ասել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է՝ Հայաստանը ողջունում է 2020-ից հետո իրականացվելիք քաղաքականության վերաբերյալ համատեղ կոմյունիկեն: «Փաստաթղթում ուրվագծված հինգ նպատակները համահունչ են մեր գերակայություններին: Մենք հավատում ենք, որ 2020-ից հետո նախանշվող նպատակները պետք է ապահովեն ուժեղ դիմադրողականություն և շոշափելի արդյունքներ: Հայաստանի քաղաքացիների համար տեսանելի արդյունքներ ապահովելու լավագույն միջոցը կլինի վիզաների ազատականացման երկխոսության երկար սպասված մեկնարկը»,- ասել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ կորոնավիրուսի դեմ պայքարի ուղղությամբ ձեռնարկված միջոցները ԵՄ-ի և Գործընկերության կողմից խրախուսվող համերաշխության և համագործակցության քաղաքականության ևս մեկ վկայությունն են: «Հայաստանը բարձր է գնահատում ավելի քան 92 միլիոն եվրոյի աջակցությունը, որը միտված է ճգնաժամի անմիջական կարիքները բավարարելուն և դրա բացասական ազդեցությունը մեղմելուն»,- ասել է վարչապետը։

--0--ԱՀ