Լիտվայից ժամանած բուժաշխատողները և փորձագետները Հայաստանում կմնան 14 օր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 19, 24News   

․

Հունիսի 19-ին նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարում միջազգային համագործակցության և փոխօգնության շրջանակներում  Լիտվայից Հայաստան է ժամանել լիտվացի բուժաշխատողների և փորձագետների առաքելությունը, որի աշխատանքները տևելու են 14 օր: Այս մասին տեղեկանում ենք ԱԳՆ լրատվական ծառայությունից։

Նույն ինքնաթիռով Հայաստան են տեղափոխվել նաև բժշկական պաշտպանիչ պարագաներ և սարքավորումներ։

Բժշկական անձնակազմին ու «Team Europe» ծրագրի շրջանակներում Լիտվային կողմից տրամադրված բուժսարքավորումները և բժշկական պարագաներն օդանավակայանում դիմավորեցին ՀՀ Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Անահիտ Ավանեսյանը, Արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը, Հայաստանում Լիտվայի դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը և Հայաստանում Շվեդիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Բիրյեր Կարլսոնը:

Այս առաքելության իրականացմանը ֆինանսական աջակցություն է ցուցաբերել Շվեդիայի Թագավորությունը և Եվրամիությունը։

Ավելի վաղ Լիտվան Հայաստանին աջակցություն էր տրամադրել բժշկական պարագաների տեսքով՝ Արևելյան գործընկերության չորս երկրներին հատկացված օժանդակության շրջանակներում:

--0--ԱՀ