Իշխանություններն ազատում են Արմեն Սարգսյանին սահմանադրական պարտականություններից

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 22, 24News     

Արփինե Հովհաննիսյան

Այսօր` ընդամենը մեկ ժամ առաջ, ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովում պատգամավոր Վահագն Հովակիմյանն առաջարկել է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում կատարել փոփոխություն, որի համաձայն սահմանադրական փոփոխություններն Ազգային ժողովի կողմից ընդունվելուց հետո Ազգային ժողովի նախագահն ընդամենը հրապարակում է դրանք` առանց Հանրապետության նախագահի ստորագրմանը ուղարկելու, ֆեյսբուքյան իր էջում գրել է արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը։

«Այսինքն` Հանրապետության նախագահի կողմից ստորագրումը փոխարինվում է ԱԺ նախագահի կողմից հրապարակմամբ: 

Ինչ է սա նշանակում. իշխանությունները ազատում են Արմեն Սարգսյանին սահմանադրական պարտականություններից: 

Ավելին, չեզոքացնելով Արմեն Սարգսյանի սահմանադրական փոփոխությունների համապատասխանության համար ՍԴ դիմելու հնարավորությունը, նշված կարգավորմամբ իշխանության յուրացման և սահմանադրական կարգի տապալման միակ մենաշնորհը ստանում է խորհրդարանը: 

Սակայն կա մի ԲԱՅՑ։ Հենց Արմեն Սարգսյանն է այն անձը, ով ստորագրելու է իրեն լիազորությունից զրկող օրենսդրական նախագիծը: Այո՛ այդ նախագիծը պիտի ստորագրի ինքը։ Արդյոք իր դերը հրապարակավ այդ աստիճան կնսեմացնի Արմեն Սարգսյանը, թե ոչ, ցույց կտա ժամանակը: Հիշեցնեմ՝ նա էր , ով դժգոհ էր իր լիազորությունների սահմանափակ լինելուց։ Հիմա ինքն իր ձեռքով իր լիազորությունը սահմանափակելն, իհարկե ծանր փորձություն է», - գրել է Արփինե Հովյաննիսյանը: 

--0--ԱՀ