Դավիթ Տոնոյանը շուտով պաշտոնա՞նկ կարվի. նոր անուն է շրջանառվում․ «Իրատես»

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 23, 24News     

դավիթ տոնոյան

«Իրատես» թերթը գրում է. «Վերջերս նորից ակտիվացել են խոսակցությունները, թե պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը շուտով պաշտոնանկ կարվի: Օդում կախված լուրերի համաձայն՝ Նիկոլ Փաշինյանը, կոնկրետ ուժային կառույցների մասով, ցանկանում է ազատվել նախկինների կադրերից:

Ասվածի ապացույցը վերջերս միանգամից երեք ղեկավարի՝ ԱԱԾ-ի, ոստիկանության ու ԶՈՒ գլխավոր շտաբի պետերի պաշտոնանկությունն էր: Դավիթ Տոնոյանի՝ նախարարի պաշտոնը լքելու մասին խոսակցություններն առկա են նրա նշանակման առաջին իսկ օրվանից: Բայց եթե նախորդ դեպքերում ռազմական ոլորտի թիվ մեկ պատասխանատուն լրագրողների հետ զրույցում անձամբ էր հերքում բոլոր տեսակի լուրերը, այժմ սակայն քար լռություն է:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Տոնոյանը ներկա չէր նախորդ շաբաթ անցկացված Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանին, ինչպես նաեւ բացակայում էր արտակարգ դրությունը եւս մեկ ամսով երկարաձգելու հարցը քննարկող խորհրդարանական նիստին, նախարարության բյուջեի կատարողականն էլ խորհրդարանում փոխնախարարն էր ներկայացնում, կարելի է ենթադրել, որ, այնուամենայնիվ, ինչ-որ բան այն չէ:

Որպես Տոնոյանի հավանական փոխարինողի՝ շրջանառվում է փոխնախարար Մակար Ղամբարյանի անունը: Վերջինս թեեւ անհեթեթ է որակում այս խոսակցությունները, սակայն լուրեր են պտտվում, թե նա Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի մտերիմն է, որն էլ, անհրաժեշտության դեպքում, «վերեւներում» բարեխոսելու է Ղամբարյանի օգտին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

--0--ԱՀ