Եվրոպական խորհրդարանը աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 23, 24News 

քաղաքական

Եվրոպական խորհրդարանը վերահաստատում է իր աջակցությունը ղարաբաղյան հիմնախնդրի լուծմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին եւ նրանց 2009 թ. հիմնական սկզբունքներին՝ նպատակ ունենալով հասնել լուծման՝ հիմնվելով միջազգային իրավունքի նորմերի եւ սկզբունքների, ՄԱԿ-ի Կանոնադրության եւ ԵԱՀԿ 1975 թ. Հելսինկյան եզրափակիչ ակտի վրա, խրախուսում է բոլոր կողմերին գնալ երկխոսության եւ ձեռնպահ մնալ լարվածություն առաջացնող հռետորաբանությունից, ինչը հետագայում կվտանգի կարգավորման ցանկացած հեռանկար:

Հայաստանի եվրոպացի բարեկամների տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է. «Ուրբաթ օրը՝ հունիսի 19-ին, Եվրախորհրդարանը հաստատեց իր առաջարկները՝ Արեւելյան գործընկերության գագաթնաժողովին ընդառաջ, որը նախատեսված է անցկացնել 2021 թ.։ Սա առիթ է Խորհրդարանի համար հաստատելու իր դիրքորոշումը Արեւելյան գործընկերության ապագայի վերաբերյալ: Այն նաեւ հնարավորություն է, որ Խորհրդարանը ընդհանուր առմամբ արտահայտի իր տեսակետը տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ:

Անշուշտ, Լեռնային Ղարաբաղի հիշատակումը եւ զեկույցը կարող են մի շարք ապատեղեկատվական արշավների եւ տեքստի իրական բովանդակության սխալ ներկայացման հիմք հանդիսանալ։

Վերեւում ներկայացված է զեկույցից մի հատված, որը հստակեցնում է Եվրախորհրդարանի դիրքորոշումը:

Այն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ ղարաբաղյան հիմնախնդիրը լուծելու ջանքերին եւ նրանց 2009 թվականի հիմնական սկզբունքներին, ինչը ենթադրում է փոխզիջում՝ հիմնված ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության, հավասար իրավունքների եւ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի վրա:

Հայաստանի եվրոպացի բարեկամները (EuFoA), որը հետեւողական է Բրյուսելից ստացվող զեկույցներին, հաստատում է, որ սա հենց այն դրույթն է, որը պետք է հաշվի առնել, երբ փորձում ենք վերլուծել Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Եվրախորհրդարանի դիրքորոշումը:

Ոմանք կփորձեն պնդել, որ ԱլԳ գործընկերների՝ տարածքային ամբողջականությանը աջակցող այլ, ավելի ընդհանրացված հղումներ ուրիշ բան են հուշում: EuFoA- ն նշում է, որ հարկ է նկատել՝ այդ հիշատակումներն, այնուամենայնիվ, օգտագործվում են այն ժամանակ, երբ ուշադրությունը հրավիրվում է Ուկրաինայում առկա հակամարտության եւ Վրաստանում Հարավային Օսեթիայի ու Աբխազիայի օկուպացման հարցերին։ Իրականում, երկու դեպքում էլ արվում են ուղիղ հղումներ Ռուսաստանի գործողություններին, որոնք միտված են պարզաբանելու տիրող իրավիճակը։

Հատկանշական է նաեւ, որ 2009 թվականի հիմնական սկզբունքներին սատարող տեքստը հիմնված է գնահատականների վրա, որոնք առաջարկվել են Խորհրդարանում գործող մի շարք քաղաքական խմբերի կողմից, ինչն ընդգծում է Եվրախորհրդարանում վերը նշված դիրքորոշման նկատմամբ մեծ աջակցությունը»:

--0--ԿԿ