«Ավրորա» նախաձեռնությունը Նյու Յորքում դրամահավաք-միջոցառում կանցկացնի

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 23, 24News

ավրորա

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն ուրախությամբ հայտնում է, որ 2020 թ. հոկտեմբերի 19-ին Նյու Յորքում կկազմակերպվի «Ավրորայի» հնգամյակին նվիրված հատուկ՝ «Երախտագիտությունն՝ ի գործ» պաշտոնական ճաշ, որի ընթացքում կմեծարվեն «Ավրորա» մրցանակի հինգ դափնեկիրները, եւ հարգանքի տուրք կմատուցվի Նյու Յորք քաղաքի՝ կորոնավիրուսի դեմ պայքարող հերոսներին։

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը, որն ստեղծվել է Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների, ձգտում է հնարավորություն տալ մերօրյա հերոսներին՝ մարդասիրական օգնություն ցուցաբերելու նրանց, ովքեր դրա խիստ կարիքն ունեն։

«Ավրորայի» հնգամյա առաքելությունը եղել է «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի միջոցով աշխարհի մարդասերների փառաբանումը եւ կարիքավորներին օգնելը՝ դափնեկիրների առաջադրած կրթական, առողջապահական ու հմտությունների զարգացման ծրագրերով։ Մրցանակի դափնեկիրն ստանում է 1.000.000 ԱՄՆ դոլարի պարգեւ, ինչը դափնեկրին բացառիկ հնարավորություն է տալիս շարունակելու մարդասիրության շղթան եւ օժանդակելու իրեն ոգեշնչած մարդասիրական կազմակերպություններին։

Այսօր, երբ աշխարհը պայքարում է՝ հաղթահարելու կորոնավիրուսի ծանր մարտահրավերը, փախստականներն ու խոցելի մյուս համայնքները, որոնց անվերապահորեն աջակցում է «Ավրորան», շարունակում են տառապել եւ աճել թվաքանակով՝ համավարակի պատճառած հավելյալ ճնշման հետեւանքով։ «Ավրորան» քաջալերում է նրանց, ում բախտ է վիճակվել փրկվել եւ կյանքում արժանանալ երկրորդ հնարավորության, արտահայտել իրենց երախտագիտությունը՝ դառնալով փրկողների հաջորդ սերունդը, շարունակելով մարդասիրության շղթան։

Դուք կարող եք միանալ «Ավրորային» եւ ձեր նվիրատվությամբ աջակցել «Երախտագիտությունն՝ ի գործ» շարժմանը կամ ամրագրել սեղան կամ տոմս Նյու Յորքում կայանալիք պաշտոնական ճաշի համար։ «Երախտագիտությունն՝ ի գործ» միջոցառման ընթացքում հավաքված գումարը օգնելու է շարունակել «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության եւ «Ավրորա» մրցանակի դափնեկիրների ջանքերը։ Պաշտոնական ճաշի վերաբերյալ հավելյալ տեղեկությունների համար խնդրում ենք կապ հաստատել էլ. փոստի հետեւյալ հասցեով՝ [email protected]:

--00—ԼՄ