Նախագահ Սարգսյանը շարունակում է շնորհավորանքներ ստանալ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 23, 24News  

Արմեն Սարգսյան

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շարունակում է տարբեր երկրների և միջազգային կազմակերպությունների ղեկավարներից շնորհավորանքներ ստանալ ծննդյան օրվա առթիվ։

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձներ են հղել Մոլդովայի Հանրապետության նախագահ Իգոր Դոդոնը, Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը, ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահ, գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:

Մոլդովայի Հանրապետության նախագահ Իգոր Դոդոնը, շնորհավորելով նախագահ Սարգսյանին, իր ուղերձում մասնավորապես նշել է․ «Վստահություն եմ հայտնում, որ Մոլդովայի և Հայաստանի միջև ավանդաբար ձևավորված բարեկամական հարաբերությունները, փոխըմբռնումն ու արդյունավետ համագործակցությունը, ինչպես նաև կառուցողական քաղաքական երկխոսությունն ապագայում ևս կզարգանան և կխորանան՝ ի շահ մեր ժողովուրդների»:

Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնն իր շնորհավորական ուղերձում մասնավորապես նշել է․ «Օգտվելով այս առիթից՝ կցանկանայի ընդգծել մեր անփոփոխ շահագրգռությունը հայ-տաջիկական միջպետական հարաբերությունների համալիր զարգացման և խորացման գործում։ Համոզված եմ, որ համատեղ ուժերով մենք հետագայում ևս կնպաստենք այդ գործընթացին՝ համահունչ մեր ժողովուրդների հիմնարար շահերին»։

ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահ, գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևն իր ուղերձում մասնավորապես նշել է․ «Խորապես համոզված եմ, որ հայրենի երկրի ապագայի հետ կապված Ձեր հոգածությունը, փորձն ու գիտելիքները կդառնան Ձեր անխոնջ ջանքերի հաջողության գրավականն՝ ուղղված Հայաստանի զարգացմանը, միջազգային հարթակներում նրա հեղինակության բարձրացմանն, ինչպես նաև մեր ինտեգրացիոն միավորման շրջանակում գործընկերային փոխգործակցության ամրապնդմանը»:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի շնորհավորական ուղերձում մասնավորապես ասված է. «Պետական տարբեր պաշտոններում Ձեր բազմամյա հաջող աշխատանքն արժանացել է գործընկերների և քաղաքական ու հասարակական շրջանակների բազմաթիվ ներկայացուցիչների հարգանքին ամբողջ աշխարհում։

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետություններում Ձեզ բարձր են գնահատում որպես պետական գործիչ, ով հետևողականորեն պաշտպանում է Հայաստանի ազգային շահերը:

Երախտապարտ ենք մեր կազմակերպության ամրապնդման գործընթացներում Ձեր ներդրման համար»: