Եթե ԼՀԿ-ն հրաժարվի դիմել ՍԴ, ապա «Իմ քայլի» հետ հավասար պատասխան կտա սերունդների առջև

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 23, 24News  

․

Ազգային ժողովի 89 պատգամավոր, Սահմանադրության կոպիտ խախտմամբ, առանց Սահմանադրական դատարանի համաձայնության, անտեսելով Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը՝ երկու ընթերցմամբ ընդունեց Սահմանադրական փոփոխությունների նախագիծը։ Այս մասին իր տարածած հայտարարությունում նշում է  ՀՀ փաստաբանների պալատի անդամ, «Իմ Ձայնը» նախագծի ներկայացուցիչ Ասյա Օվանյանը։

«Սահմանադրական փոփոխությունների թնջուկը» վերնագրով հայտարարությունում իրավաբանը նշում է, որ ՍԴ դիմելը ԱԺ պարտականությունն էր և, քանի որ, նրա խոսքով, ԱԺ-ն հրաժարվեց իրականացնել իր սահմանադրական պարտականությունները և զրկեց ՍԴ-ին իր սահմանադրական լիազորություններից, կարելի է փաստել, որ տեղի ունեցավ ՍԴ լիազորությունների յուրացում։

«Նախագիծը հակասում է նաև Վենետիկի հանձնաժողովի եզրակացությանը, որում ուղղակիորեն նշված էր, որ իշխանություններն օրենսդրական  փոփոխությունները կյանքի կոչելիս պետք է դիմեն և հաշվի առնեն ՍԴ կարծիքը։ Հանձնաժողովի այդ և մնացած ռեկոմենդացիաներն անտեսվեցին։

Արդեն կարծես թե երկրորդական է դառնում անդրադառնալ հանձնաժողովի եզրակցության բովանդակությանը, բայց երկրորդական չի դառնում Հայաստանի միջազգային հեղինակության անկումը, քանի որ միջազգային կառույցի դիրքորոշումը անտեսելը, առավել ևս, երբ այդ կառույցին դիմել էին մեր երկրի իշխանությունները, անհետևանք չի մնալու»։

Ասյա Օվանյանի խոսքով՝ իրավիճակը փրկելու հնարավորություն տրված է երկու ընդդիմադիր խմբակցություններին․

«ԲՀԿ պատգամավորները արդեն իսկ ՍԴ դիմելու գործընթաց են սկսել: Հերթը հիմա «Լուսավոր Հայաստանինն» է։ Արդարացումները, որ Սահմանադրությունը այդպիսի հնարավորություն ԱԺ պատգամավորներին չի ընձեռում, տեղին չեն։ Սահմանադրությունն այդպիսի կարգավորումներ նախատեսում է։ Ավելին, դատարան դիմելու երկու տարբերակ կա՝ առաջնորդվելով 169-րդ հոդվածի 2-րդ կետով՝ օրենքների սահմանադրականությունը որոշելու դիմումով (168-րդ հ-ծ 2-րդ կետ), քանի որ սահմանադրական փոփոխությունների նախագիծը ևս օրենք է։ ԱԺ-ն ընդունում է օրենքներ և որոշումներ, ուստի ԱԺ կողմից ընդունվող «սահմանադրական փոփոխությունները» պետք է համարվեն օրենք։ Այլապես ձևավորվում է իրավական ակտի ինքնուրույն և նոր տեսակ՝ «սահմանադրական փոփոխություններ»։ Մյուս տարբերակը 168-րդ հոդվածի 4-րդ կետի հիմքերն են՝ լիազորությունների մասին վեճը, քանի որ ակնհայտ է վեճը ԱԺ և ՍԴ միջև՝ իրենց սահմանադրական լիազորությունների շուրջ»:

Ըստ Ասյա Օվանյանի՝ եթե «Լուսավոր Հայաստանը» հրաժարվի դիմել ՍԴ, ապա իմքայլականների հետ հավասար կկրի պատասխանատվություն ապագա սերունդների առջև և ոչ մի արդարացում կամ բացատրություն չեն կարող ընդունելի լինել։

«Եթե այս քայլը չի արվում, ուրեմն բարձր, շատ բարձր ելույթները այսուհետեւ ունենալու են զուտ ֆոնային նշանակություն, և մեծ հաշվով, օգնելու են իշխանությանը։ Օգնելու են իշխանությանը հասնել ՍԴ-ի «գրավմանը»։ Ինչ վերաբերում է նախագահի լիազորությունների սահմանափակմանը, որով իշխանություններն, ըստ էության, ազատում են նախագահին սահմանադրական պարտականություններից, որքան էլ ԱԺ-ն ինքնամոռաց ընդունեց այս փոփոխությունները, միևնույն է այդ փոփոխություններն ուժի մեջ կմտնեն նախագահ Արմեն Սարգսյանի ստորագրելուց հետո։ Արմեն Սարգսյանը կանգնում է լուրջ ընտրության առջև՝ ինքն իր ձեռքով սահմանափակի իր լիազորությունները, թե ՝ ոչ»։

--0--ԱՀ