Սմբատ Գոգյանը հանցագործության մասին հաղորդում տալու վերաբերյալ պարզաբանում է ներկայացրել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 25, 24News      

Գոգյան

Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

«Քանի որ լրագրողները շատ են հարցնում` իսկապե՞ս հրաժարվել եմ հանցագործության մասին հաղորդում տալ, կարիք կա պարզաբանման։

Երբ նախարար պարոն Արայիկ Հարությունյանի մայիսի 25-ի հաղորդման հիման վրա Հատուկ քննչական կոմիտեն ինձ հրավիրեց ցուցմունք տալու, հանցագործության մասին հաղորդում արդեն տրված էր: Նախարարի կողմից։ Գործն ուսումնասիրելիս ես ներգրավվել եմ որպես վկա և հնարավոր մեղադրյալ, եթե պարզվեր սուտ մատնության հանցակազմը։ Քննիչի բոլոր հարցերին պատասխանել եմ, ու քննիչը վերջում գործը կարճել է, ինչը ես ընկալում եմ որպես իմ ներկայացրած փաստերի ճշմարտացիության ամրագրում, իսկ քննիչն ասում է. «Հարգելինե՛րս, այս հարցը ես քրեաիրավական դաշտում չեմ դիտարկում, գնացե՛ք աշխատանքային ռեժիմով հարցը լուծեք»։ Բնականաբար, քննիչը գիտնական կամ կրթության/գիտության կառավարիչ չէ։ Հենց աշխատանքային հարաբերություններում էլ կարևոր են արժեքային ու մասնագիտական որակները, որոնց մասին էլ ես ի սկզբանե խոսել եմ։

Պատկերի ամբողջական պարզության համար ներկայացնեմ քննիչի որոշումից մի հատված։

1) Առաջին պարբերությամբ քննիչը փաստում է, որ փոխկապակցված անձանց առկայությունը հանձնաժողովում չի համարում պաշտոնական քրեորեն պատժելի, առավել ևս որ հանձնաժողովն ամբողջությամբ չի հերքել արտագրության դեպքերը։ Նշեմ, որ գործի մեջ ցուցմունք կա (այլ անձի կողմից), որ հանձնաժողովը սկզբնական եզրակացությամբ հերքել է արտագրության հանգամանքն ընդհանրապես, սակայն մամուլում մամուլում բարձրացված աղմուկից հետո որոշ չափով փոխվել է։ Կոնկրետ ինձ համար սա անթույլատրելի պրակտիկա է։

2) Գործ չհարուցելու հիմնավորման երկրորդ պարբերության ձևակերպումը զուտ իրավական է, ու կրկին արժեքային հարց է, մենք նորմա՞լ ենք համարում գրագող ռեկտոր ունենալու փաստը, թե՞ ոչ։ Այս հարցի պատասխանը հստակ պետք է ձևակերպի կրթության և գիտության գծով ռազմավարություն մշակող մարմինը՝ ամենաբարձր մակարդակով։ Այս հարցին քննիչը չի կարող պատասխանել։

3) Երրորդ պարբերությունը չեմ մեկնաբանի, իսկ չորրորդ և հինգերորդ պարբերություններն ընդհանրապես կապ չունեն թեմայի հետ։ Շատ ուրախ եմ, որ կոլեկտիվն աջակցում է իր ղեկավարին, բայց դա իմ ու քննիչի գործը չէ։ Նման օրինակներ բազմաթիվ են թե՛ կրթական, թե՛ առողջապահական, թե՛ դատական համակարգերում: Ընդ որում, տվյալ միջավայրը հաճախ լինում է անառողջ, երբեմն` թունավոր։

Արժեք ու միտք ստեղծելը բարդ գործ է, բայց ստեղծելու համար պարտադիր պայման է սեփական արժեքներիդ չդավաճանելը։ Հետհեղափոխական շունչը վճռական էր, սկզբնական փուլում` անզիջում, ինչի արդյունքում որոշ մարդիկ թողեցին իրենց պաշտոնները, և չպետք է թույլ տանք` այդ շունչը մարի կոնկրետ մարդու անձնական շահերին բախվելիս»: 

  --0—ՄՀ