Պաշտպանները Ռոբերտ Քոչարյանի անունից հետ են վերցնում ՍԴ ներկայացված դիմումները

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 25, 24News

Սահմանադրական դատարանի բակում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններ Արամ Վարդևանյանի և Արամ Օրբելյանի ճեպազրույցի ժամանակ հայտնել են, որ հետ են վերցնում Ռոբերտ Քոչարյանի անունից ՍԴ ներկայացված դիմումները:

«Հաշվի առնելով, որ 2 օր առաջ ընդունվեց Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու փաթեթ, որի մասին 2 պառլամենտական ֆրակցիաներ հստակ արտահայտեցին իրենց դիրքորոշումը, որ ամբողջությամբ ապօրինի փաթեթ է և չի համապատասխանում Սահմանադրությանը, սակայն ֆրակցիաներից մեկը պառլամենտի իրավունքները պաշտպանելու և պառլամենտարիզմը չոտնահարելու նախապայման հնչեցրեց պարոն Քոչարյանի գործը:  Պարոն Քոչարյանի հետ էսօր առավոտյան վերջնական քննարկել ենք և որոշում ենք ընդունել հրաժարվել մեր ներկայացրած դիմումներից»,-ասել է Օրբելյանը:

Ըստ պաշտպանի՝ հիմա Արամ Վարդևանյանը դիմում է ներկայացնում, համապատասխան որի՝ պաշտպանական թիմը խնդրում է ՍԴ-ին, հիմք ընդունելով ՍԴ համապատասխան հոդվածը, հետ վերցնել ներկայացրած երկու դիմումները:

«Խնդրում ենք ՍԴ-ին, հիմք ընդունելով ՍԴ համապատասխան հոդվածը, հետ վերցնել ներկայացրած երկու դիմումները, այսինքն՝ էն դիմումները, որոնք ներկայացրել էին, մոտ մեկ տարի առաջ, որոնք վերաբերում էին 300.1 հոդվածի համապատասխանությանը Սահմանադրության 72, 73, 78, 79 հոդվածներին:

Պարոն Քոչարյանի հետ այսօր առավոտ քննարկում ունեցանք. նախագահը հստակ դիրքորոշում հայտնեց, որ եթե իր գործի պատճառով պառլամենտարիզմի կայացման որոշակի խաչընդոտներ պիտի առաջանան, ապա ինքը պիտի պահանջի՝ իր փաստաբանները հետ վերցնեն, և մեր ընդհանուր պահանջը, հորդորը, խնդրանքն է բոլոր քաղաքական ուժերին Սահմանադրության հետ կապված այս գործընթացներում ո՛չ պարոն Քոչարյանի, ո՛չ փաստաբանական թիմից որևէ մեկի անունը չշոշափել, այս գործընթացը բացառապես դիտարկել պառլամենտական ֆրակցիաների իրավասության շրջանակներում, և եթե գտնում են, որ իրավունքի խախտում կա, ինչի մասին արտահայտել են, եթե գտնում են՝ կա դիմում, որ կարող էր ստորագրվել ինչ-որ ամսաթվին, չսպասել ինչ-որ ամսաթվի, այլ միանալ գործընթացին»,-ասել է Օրբելանը:

--00—ԼՄ