Նախարարությունն անզոր է․նախկին պատգամավորի ահազանգը և «ամենակարող թրթուրները»․ «Ժողովուրդ»

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 26, 24News 

․

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Արդեն մի քանի օր է՝ ԱԺ ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, ապարանցի Լյովա Խաչատրյանն ահազանգում է՝ Արա լեռան անտառը շտապ բուժման կարիք ունի թրթուրներից: Նախկին պատգամավորի ահազանգին անդրադարձել էր նաեւ «Ժողովուրդ» օրաթերթը, իսկ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը լռում է: Պարզվում է՝ նախարարությունը զբաղված է օդային տրանսպորտ հայթայթելով: ՀՀ շրջակա միջավայրի նախարարության մամուլի քարտուղար Դավիթ Գրիգորյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտնեց, որ նախկինում Պաշտպանության նախարարությունն ուղղաթիռ է տրամադրել, որով հնարավոր է եղել դեղորայք շաղ տալ այն բոլոր հատվածների վրա, որտեղ թրթուրներ են եղել:

«Բայց երկու տարի առաջ այդ ուղղաթիռը խոտանեցին: Այն օգտագործվում էր նման ծայրահեղ դեպքերում՝ հրդեհաշիջման աշխատանքների կամ տեղանքն ուսումնասիրելու համար: Այն, որքանով հասկանում եմ, ԱԻՆ-ի, մեր եւ մնացած բոլոր գերատեսչությունների համար էր, որոնք կարող է ինչ-որ կարիքներ ունենային օդային տրանսպորտի հետ կապված: Հիմա այդ ուղղաթիռը չկա, եւ մենք չունենք մեր անձնական օդային փոխադրամիջոցը, որի միջոցով կկարողանանք այդ աշխատանքներն իրականացնել»,- տեղեկացրեց մամուլի քարտուղարը:

Հարցին՝ հնարավոր է այս հարցով դիմենք հարեւան երկրներին, մամուլի քարտուղարն արձագանքեց. «Նախարարի պարտականությունները կատարող Վահե Ջիլավյանը, փոխնախարար Վարդան Մելիքյանը Վրաստանի հետ կապի մեջ են, նաեւ Իրանի հետ են շփվում, որպեսզի կարողանանք հասկանալ՝ արդյոք այնտեղից օդային փոխադրամիջոց կարող ենք ներգրավել այստեղ, թե ոչ: Իհարկե, տեղի մասնավոր ընկերությունների հետ էլ ենք շփվում, որոնք ունեն օդային միջոցներ, բայց ամեն բան ծախսի հետ է կապված՝ օդաչուներ, վառելիք…»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

--0--ԱՀ