Արայիկ Հարությունյանը Ջալալ Հարությունյանի ուղեկցությամբ այցելել է ՊԲ զորավարժարան

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 26, 24News

Արցախ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 26-ին այցելել է Պաշտպանության բանակի «Տիգրանակերտ» զորավարժարան և հետևել ՊԲ տարբեր զորամասերի ընդգրկմամբ անցկացվող մարտավարական զորավարժության մարտական հրաձգության փուլին: Այս մասին տեղեկացնում է ԱՀ նախագահի մամուլի ծառայությունը։

Երկրի ղեկավարը պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանի ուղեկցությամբ ծանոթացել է նաև ՊԲ-ում կիրառվող հայրենական և օտարերկրյա արտադրության նշանոցներին և վերջին շրջանում համալրված կապի և տեսադիտարկման տեխնիկական միջոցներին, դրանց տեխնիկական հնարավորություններին: Այցի ընթացքում նախագահը հետևել է նաև ՊԲ հատուկ նշանակության ստորաբաժանման ցուցադրական պարապմունքին:

Արայիկ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել բանակի հրամկազմին զորավարժությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար՝ ընդգծելով, որ ցուցադրած արդյունքները մեկ անգամ ևս փաստում են, որ հակառակորդի ռազմաքաղաքական ղեկավարության ագրեսիվ վարքի իրական զսպող միջոցը հայոց զինված ուժերն են:

Զորավարժությանը ներկա էին նաև ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը, պաշտոնատար այլ անձինք:

--00—ԼՄ