ՍԱՏՄ անակնկալ ստուգայցերը շարունակվում են. խախտումների քանակը հաստատուն նվազում է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 26, 24News 

հասարակական

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, կորոնավիրուսի (Covid 19) դեմ պայքարի շրջանակներում, շարունակում է իրականացնել պարետի որոշումների կատարման նկատմամբ վերահսկողությունը սննդի շղթայում գործունեություն ծավալող բոլոր կազմակերպություններում: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կառավարությունը․

«ՍԱՏՄ տեսուչների ուժեղացված ստուգայցերի արդյունքում՝ մանրածախ ու մեծածախ իրացման ցանցերում, արտադրություններում ու հանրային սննդի օբյեկտներում դեռևս հայտնաբերվում են սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի թերի կատարումներ, որոնց մասին արձանագրությունները ներկայացվում են պարետատուն: Սակայն խախտումների քանակը հաստատուն նվազում է:

Հայտնաբերված հիմնական խախտումներն են ջերմաչափման և ախտահանման վերաբերյալ գրանցամատյանների թերի վարելը, անձանց սոցիալական հեռավորությունը չապահովելը:
Այսօր 24 ժամով կասեցվել է Երևանի «Ռիո Մոլ» առևտրի կենտրոնի տարածքում գործող «Երևան Սիթի» սուպերմարկետի գործունեությունը: Այստեղ շրջանցել էին աշխատակիցներին առնվազն երկու անգամ ջերմաչափելու նորմը:

Սննդամթերքի անվտանգությունը վերահսկող մարմնի ներկայացուցիչները հորդորում են տնտեսավարողներին խստագույնս պահպանել կորոնավիրուսով չվարակվելու համար սահմանված անվտանգության նորմերը»,- ասված է հաղորդագրության մեջ:

--0--ԿԿ