Ծխացող Ծիծեռնակաբերդը. 24TV-ի կադրերը՝ առանց մեկնաբանության

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 27, 24News

Հունիսի 26-ին՝ երեկոյան ժամը 21։00-ի սահմաններում, ահազանգ ստացվեց, որ այրվում է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի հարակից խոտածածկ տարածքը։ Մոտ 120 հրշեջ-փրկարար մի քանի ժամ շարունակ ներգրավվել էին հրդեհաշիջման աշխատանքներին: Ուժեղ քամու պատճառով առաջացել էին հրդեհի մի քանի օջախներ, հրշեջները աշխատել են միաժամանակ տարբեր օջախների մարման ուղղությամբ։

Խոշոր հրդեհը մեկուսացվեց ժամը 23:32-ին, մարվեց՝ ժամը 23:56-ին: Արտակարգ իրավիճակների նախարարության տվյալների համաձայն՝ այրվել է մոտ 21 հա բուսածածկ տարածք: Մոտակայքում գտնվող շենք-շինություններին, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտին վնաս չի պատճառվել:

24TV-ի տեսախցիկը ֆիքսել է հրդեհի հետևանքները և տարածքին պատճառված վնասները։ Հրդեհից հետո տարածքում դեռ մխացող օջախներ կան, որոնք հիմնականում այրված ծառերի կոճղերն են: Մեր տեսախցիկը արձանագրել է նաև, որ, անվտանգության նկատառումներիից ելնելով, Մարզահամերգային համալիրի տարածքում հերթապահում են ԱԻՆ 2 հրշեջ-փրկարարական մեքենա:

Հրդեհի բռնկման պատճառը դեռևս պարզված չէ։ Միևնույն ժամանակ նշենք, որ երեկ դեպքի վայրում ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը հայտնեց, որ հրդեհի հիմնական պատճառը կարող էր լինել տարածքում հրդեհից մոտ կես ժամ առաջ եղած մեծ հրավառությունը:

--00—ԼՄ