Չի բացառվում՝ դատավորներն ընդհատեն արձակուրդը. Էդգար Ղազարյանը՝ ԲՀԿ դիմումը քննելու մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 27, 24News

սդ

Հունիսի 30-ին աշխատակարգային նիստ է նշանակված, հուսով եմ՝ մինչ այդ որոշակի զարգացումներ կլինեն ԲՀԿ-ի՝ ՍԴ ներկայացրած դիմումի հետ կապված, և այն հնարավոր կլինի ներառել նիստի օրակարգում։ Այս մասին 24News-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը, անդրադառնալով այն հարցին, թե հնարավո՞ր է՝ ՍԴ-ն հունիսի 30-ին քննի նաև ԲՀԿ դիմումը։

«Հստակ պատասխանել դեռ դժվարանում եմ։ ԲՀԿ-ի դիմումը ստացել ենք ուրբաթ՝ հունիսի 26-ին։ Երբ ստացանք, ՍԴ նախագահն արդեն արձակուրդում էր։ Երկուշաբթի պետք է դիմումն ուղարկեմ տիկին Գյուլումյանին։ Եթե ստացվի այնպես, որ մեկ օրվա ընթացքում կարողանանք գործի մասին անհրաժեշտ նյութերը հավաքագրել, ապա այն կքննարկվի հունիսի 30-ին կայանալիք նիստի ժամանակ, թեպետ օրենքը նախատեսում է մինչև 20-օրյա ժամկետ նախնական ուսումնասիրության համար։

Հնարավոր է, որ դատավորներն ուզեն երկարացնել նաև ուսումնասիրության ժամանակահատվածը։ Դա գործընթաց է, որը մեզ մոտ տրամաբանորեն ընթանում է, և ինչպես մնացած բոլոր դեպքերում՝ դատարանը երբեք շտապողականություն չի ցուցաբերում որևէ հարցի քննարկման ժամանակ»։

Հարցին, թե ինչպե՞ս է գործն ուղարկվելու Գյուլումյանին, եթե նրա որպես ՍԴ դատավորի՝ լիազորություններն արդեն դադարեցված են, Էդգար Ղազարյանը պատասխանեց, որ ինքը ՍԴ դատավորների լիազորությունները դադարեցնող որևէ փաստաթուղթ չի տեսել։

«ԱԺ-ն, բացի «Կանոնակարգ օրենքում» փոփոխություններ անելուց, ոչինչ չի արել։ Անհրաժեշտություն կա «ՀՀ Սահմանադրական օրենքը ՍԴ-ի մասին» օրենքում փոփոխություններ անել և համապատասխանեցնել դրանք»,-ասաց Էդգար Ղազարյանը։

Հարցին, թե հնարավո՞ր է, որ հունիսի 30-ին կայանալիք նիստը տեղի չունենա, քվորում չլինելու պատճառով, քանի որ, ըստ Սահմանադրության փոփոխությունների, որոնք դեռևս, ինչպես Ղազարյանն է ասում, չեն համապատասխանեցվել «ՀՀ Սահմանադրական օրենքը ՍԴ-ի մասին» օրենքի հետ, 3 դատավորի լիազորությունները դադարեցված են, իսկ 2-ը գտնվում են արձակուրդում, ՍԴ աշխատակազմի ղեկավարը նշեց, որ յուրաքանչյուր դատավոր ինքն է որոշում իր մասնակցությունը նիստին։

«Մենք պրակտիկայում ունեցել ենք դեպք, որ մի դատավորը մեկ տարվա ընթացքում ընդհանրապես ոչ մի նիստի չի մասնակցել։ Այս դեպքում էլ յուրաքանչյուր դատավոր ինքն է որոշում՝ յուրաքանչյուր նիստին իր մասնակցությունը։ Չի բացառվում, որ արձակուրդում գտնվող դատավորներն ընդհատեն իրենց արձակուրդը, մասնակցեն նիստին, այնուհետև նորից արձակուրդ գնան»,- ասաց Էդգար Ղազարյանը։

Անդրադառնալով ԱԺ-ի տարածած հայտարարությանը, թե քանի որ ՍԴ նախագահ դեռևս ընտրված չէ, իսկ ՀՀ ՍԴ նախագահի տեղակալ Ալվինա Գյուլումյանի՝ որպես ՀՀ ՍԴ անդամի լիազորությունները դադարեցված են, ՀՀ ՍԴ նախագահի պարտականություններն իրականացվելու են ՍԴ դատավորներից տարիքով ավագ դատավորի՝ Աշոտ Խաչատրյանի կողմից, Էդգար Ղազարյանն ասաց, որ ԱԺ-ից պետք է պարզել, թե ինչ օրենքների վրա հղումներով են իրենք նմանատիպ հայտարարություններ անում։

«Ներկայումս ուզում են հայտարարությունների մակարդակով օրենքներ ընդունել։ Ես՝ որպես պաշտոնյա, առաջնորդվում եմ նորմատիվ իրավական նորմերով»,-ասաց Էդգար Ղազարյանը։

Անի Հարությունյան

--00—ԼՄ