Աշոտ Խաչատրյանն ստանձնեց ՍԴ նախագահի պարտականությունը. Փաշինյանը, Միրզոյանը շնորհավորել են

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 27, 24News 

քաղաքական

Հունիսի 27-ին Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է Սահմանադրական դատարանի նախագահի պարտականությունները կատարող Աշոտ Խաչատրյանի հետ:

Արարատ Միրզոյանը Աշոտ Խաչատրյանին տեղեկացրել է, որ 2020 թվականի հունիսի 26-ին ուժի մեջ մտած Սահմանադրության փոփոխություններով դադարել են ՍԴ դատավորներ (անդամներ) Հրանտ Նազարյանի, Ֆելիքս Թոխյանի եւ Ալվինա Գյուլումյանի լիազորությունները, ում Սահմանադրական դատարանի անդամի կամ դատավորի պաշտոնում պաշտոնավարման ընդհանուր տեւողությունը 2020 թվականի հունիսի 26-ի դրությամբ եղել է 12 տարուց ավելի:

ԱԺ նախագահը տեղեկացրել է նաեւ, որ ՀՀ Սահմանադրության հոդված 213 4-րդ մասի համաձայն դադարել է նաև Հրայր Թովմասյանի պաշտոնավարումը Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում, եւ ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահի պարտականությունները մինչեւ ՍԴ նոր նախագահի ընտրությունները իրականացվում են Սահմանադրական դատարանի դատավորներից տարիքով ավագ դատավորի կողմից:

Քանի որ 2020թ. հունիսի 26-ի դրությամբ ՀՀ Սահմանադրական դատարանի տարիքով ավագ դատավորն Աշոտ Խաչատրյանն է, Արարատ Միրզոյանը շնորհավորել է նրան Սահմանադրական դատարանի նախագահի պարտականությունների կատարումը ստանձնելու կապակցությամբ:

Աշոտ Խաչատրյանն իր հերթին հավաստիացրել է, որ Սահմանադրական դատարանի նախագահի պարտականությունները կատարելիս շարունակելու է ապահովել Սահմանադրության գերակայությունը, գործել անկախ եւ անաչառ: 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ ՍԴ նախագահի պատրատականությունները ստանձնել է Աշոտ Խաչատրյանը:

«Սահմանադրական դատարանի՝ տարիքով ամենաավագ դատավոր Աշոտ Խաչատրյանը ստանձնել է Սահմանադրական դատարանի նախագահի պարտականությունները: 

Շնորհավորում եմ պարոն Խաչատրյանին, մաղթում նրան հաջողություններ և իմաստնություն այս պատասխանատու կարգավիճակում: 

Կառավարությունն իր հնարավորությունների սահմաններում կաջակցի, որ անցումային այս շրջանում Սահմանադրական դատարանի գործունեության համար որևէ խոչընդոտ չառաջանա»,-գրել է Նիկոլ Փաշինյանը:

--0--ԿԿ