«Ձյունիկ սառնարան»-ում հրդեհը մեկուսացվել է․ մարման աշխատանքները հսկել է ԱԻ նախարարը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 28, 24News 

հասարակական

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հունիսի 28-ին, ժամը 11։08-ին ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Արշակունյաց պողոտայում գտնվող «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի շենքում։

Հրդեհի բարդության Թիվ 2 կանչով դեպքի վայր են մեկնել  ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, ինչպես նաև Փրկարարական ուժերի վարչության Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։

Այնուհետև օգնության են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից ևս երկու մարտական հաշվարկ, երկու ավտոսանդուղք և գազածխապաշտպան ծառայության մեկ հատուկ ավտոմեքենա։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հրդեհը մեկուսացվել է ժամը 13։10-ին։

Դեպքի վայրում հրդեհաշիջման աշխատանքները հսկել է ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը։

--0--ԿԿ