Բնիկ ու ոչ բնիկ երևանցի բանաձևումը տարանջատիչ հանգամանք է. Ռուբեն Բաբայան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 28, 24News 

հասարակական

Գույքահարկի նոր կարգի սահմանումից հետո սկիզբ առած դիսկուրսը՝ «Ես բնիկ երևանցի եմ» վերտառությամբ, Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանն անիմաստ բանավեճ է համարում: 24News-ի հետ զրույցում նա նշեց՝ ոչ թե համախմբում, այլ տարանջատում է տեսնում այդ ամենի մեջ:

Ըստ նրա ՝ գույքահարկը սահմանելիս պետք է հաշվի առնել մարդկանց աշխատավարձը կամ թոշակը, որովհետև այժմ խոսում ենք գույքի շուկայական արժեքի մասին, բայց թոշակներն ու աշխատավարձերը շատ հեռու են շուկայական պահանջներից: Մեր զրուցակիցը վստահ է՝ օրենք գրելիս հենց այդ հանգամանքը պետք է հաշվի առնել, մնացած բոլոր հանգամանքները՝ բնիկ, ոչ բնիկ, եկվոր և այլն, միայն խանգարում են հարցին մասնագիտական ու թիրախային լուծում տալ: Այն, հավելում է Բաբայանը,  խնդիրն ավելի շատ էմոցիոնալ դաշտ է տեղափոխում, իսկ օրենքներն էմոցիաներով չեն գրվում:

«Մյուս կողմից՝ այս ժամանակներում մենք շատ ավելի կարևոր խնդիր ունենք՝ կապված համավարակի հետ, ու յուրաքանչյուրս պետք է կարողանանք գոնե մի քանի գրամ բարություն սերմանել: Եթե բոլորս միմյանց նկատմամբ միայն ատելություն տարածենք, ապա ոչ մի բան լավ բանի չենք հասնի: Ես գիտեմ, որ կենտրոնում բնակարաններ կան, որտեղ միայնակ թոշակառուներ են բնակվում: Վերջերս պատգամավորներից մեկը խորհուրդ է տվել վաճառել բնակարաններն ու տեղափոխվել քաղաքի ծայրամաս: Բայց այդ միայնակ թոշակառուներն այն մարդիկ են, որ վաճառք կազմակերպելու հնարավորութուն անգամ չունեն: Եվ նրանք արժանի են, որ կյանքի մնացած մասն ապրեն այնտեղ, որտեղ ապրել են ամբողջ կյանքում: Բացի այդ՝ նրանց զբաղեցրած բնակարանները շքեղություն չեն հաստատ: Կենտրոնում գտնվող իմ բնակարանը ես էլ եմ ժառանգութուն եմ ստացել: 1963-ին բնակարանը ստացել է հայրս, ես իրենից եմ ժառանգություն ստացել, ու այն մեծ շքեղություն չեմ համարում: Տանը ապրում ենք ես, կինս, երկու տղաս ու ծեր մայրս: Հիմա եթե անգամ փորձենք այն վաճառել ու տեղափոխվել, մորս համար, օրինակ, մեծագույն ողբերգություն կլինի դա»,- ընդգծում է Ռուբեն Բաբայանն ու հավելում՝ յուրաքանչյուր օրենք գրելիս պետք է հաշվի առնել մարդկային գործոնը: Նա առավել քան վստահ է՝ օրենքը չի կարող չոր լինել, այն գրելիս պետք է հաշվի առնել ամենակարևոր հանգամանքը՝ կենտրոնում պետք է մարդը լինի:

Բնիկ ու ոչ բնիկ երևանցի բանաձևումները ռեժիսորի համար ոչ այլ ինչ են, քան տարանջատիչ հանգամանք: Ըստ մշակութային գործչի՝ պետություն հասկացությունը, որպես այդպիսին, մեր ուղեղներում դեռևս չի ձևավորվել, ու մենք ավելի շատ գաղութային արժեքների կողմնակիցն ենք: Ցավով է արձանագրում, որ այժմ այդպես է, որովհետև այդ տարանջատումն ի սկզբանե մեզ բնորոշ չի եղել: «Այո, խոսակցական, առօրյա կամ անեկդոտային մակարդակում գուցե ընդունելի է ասել՝ ապարանցու կամ գյումրեցու անեկդոտ, բայց որպես որակի նշան՝ երբևիցե չի գործածվել այդ բաժանումը: Այն գործածվել է, օրինակ, Ադրբեջանում: Այնտեղ եղել է Նախիջևանի, Կիրովաբադի շրջան, բայց մենք դրանից հեռու ենք եղել: Չգիտեմ՝ ինչից հետո է այդ բաժանումը մտել մեր մեջ․գուցե ժամանակին շատ ակտիվություն ստացան միավորումները՝ ապարանցիների, գորիսեցների և այլն: Հստակ է մեկ բան՝ բոլորս Հայաստանի Հանրապետության քաղաքացի ենք, սա մեր հայրենիքն է, Երևանը բոլորի մայրաքաղաքն է: Ես այն տեսակետին չեմ, որ Պառավաքար գյուղն իմ հայրենիքը չէ, միգուցե ավելի շատ է իմ հայրենիքը, քան Երևանն է, որովհետև այնտեղից է սկսվում հայրենիքը: Սա ցավոտ թեմա է, ու, վերջիվերջո, ժամանակն է խոսել ու հասկանալ՝ ով է Հայաստանի Հանրապետության քաղաքացին»,- շեշտում է Բաբայանը:

Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավարի համար անընդունելի է նաև այն դիսկուրսը, թե իսկ ո՞ւր էին բնիկ երևանցիները, երբ Երևանի հին շենքերը քանդում էին, մայրաքաղաքի տեսքը աղճատում և այլն: Ի՞նչ է նշանակում՝ ուր էիք դուք, երբ այդտեսակ բանն էր արվում, զարմանում է ռեժիսոր Բաբայանը, եթե այսօր ինչ-որ մեկը կանգնում ու պաշտպանում է, որ ճարտարապետական ինչ-որ մի կառույց չքանդվի, բայց նախկինում նման բան չի արել, ապա չի նշանակում, որ այժմ դրա իրավունքը չունի:

«Լավ է անում, հիմա է պաշտպանում, ու ես ընդհանրապես կողմնակից չեմ մարդկանց հետ մեղադրանքների լեզվով խոսելուն: Պետք չէ հիշեցնել ու ասել՝ այ դու, երկու տարի առաջ նման բան ասացիր… Սա մի հայացք է, որ միշտ դեպի հետ, ոչ թե առաջ է տանում: Եթե ես երեկ ինչ-որ բան չեմ արել ու այսօր անում եմ, դա չի նշանակում, թե այսօր դա անելու իրավունքը չունեմ: Մենք բոլորս ենք մեղավոր, որ չենք պահպանել մեր քաղաքը, ու ընդհանրապես մեղքը գցել ուրիշների վրա, ամենահեշտ ճանապարհն է։ Երբ դու համարում ես, որ մեղքը նաև քոնն է (նաև այն հարցերում, թե ով է եղել քո երկրի նախագահը, քո երկրի վարչապետը), չես անջատվում: Եթե անջատվում ես, հետևաբար վրայիցդ հանում ես պատասխանատվությունը, այն պատասխանատվությունը, որ պետք է կրի ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի: Այնպես որ, մոտեցումը, թե դուք ո՞ւր էիք, որտե՞ղ եք եղել, ի՞նչ եք արել, հեղափոխության ժամանակ ո՞ւր եք եղել, ատոմակայանի դեմ, Նաիրիտի դեմ պայքարե՞լ եք, թե՞ ոչ, ընդունելի չէ: Մենք ապրում ենք այսօրվա օրով ու պետք է ամեն ինչ անենք, որ մեր կյանքն էլ ավելի լավանա: Եթե սկսենք պարզել, թե նախկինում ով ինչ մեղք է գործել, խավարասերների նման կգզենք միմյանց՝ չհասկանալով, թե ուր ենք գնում»,- եզրափակեց մշակութային գործիչը:

Վրույր Սևակ

--0--ԿԿ