Քաղաքական իշխանությունը պատրաստվում է հաջորդ հանցագործությանը․ Արսեն Բաբայան

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 30, 24News

արսեն

«Հայրենիք» կուսակցության անդամ, իրավապաշտպան Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ՀՀ նախագահի կողմից ԱԺ նախագահին ուղղված հայտարարությանն առ այն, որ չի ստորագրելու «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը։ Նա մասնավորապես նշել է, որ քաղաքական իշխանությունը պլանավորում է հիմք ընդունել ՍԴ մասին օրենքը չստորագրելու վերաբերյալ ՀՀ նախագահի տեղեկացումը և վաղը հրապարակել այն ու մտցնել ուժի մեջ, սակայն նախագահի կողմից ԱԺ նախագահին չստորագրելու մասին տեղեկացումը չունի իրավական հենք և չի կարող դառնալ որևէ գործողության իրավական հիմք: Բաբայանի գրառումը՝ ստորև․

«Այսօր տեղեկացա, որ քաղաքական իշխանությունը պատրաստվում է հաջորդ հանցագործությանը:

Մասնավորապես պլանավորում են հիմք ընդունել նախագահի տեղեկացումն այն մասին, թե վերջինս չի ստորագրելու ՍԴ մասին օրենքը և վաղը պետք է հրապարակեն այդ օրենքը` դրանք փորձելով մտցնել ուժի մեջ:

Փորձելով օգնել իշխանությանը՝ խորհուրդ եմ տալիս չանել նոր խախտում: Իսկ դա կրկին կոպտագույն հակասահմանադրական քայլ կլինի, քանի որ.

Սահմանադրության 129-րդ հոդվածով սահմանված է, որ օրենքները ստորագրելու համար Հանրապետության նախագահն ունի 21 օր ժամանակ: Ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ սահմանադրությամբ նախատեսված այդ ժամկետը նախագահին տրված է օրենքներն ստորագրելու համար, և ոչ թե չստորագրելու:

Հետևաբար որևէ մեկն իրավունք չունի նախագահին տրված ժամկետի ավարտից շուտ իրականացնել որևէ գործողություն:

Ինչ վերաբերվում է նախագահի կողմից ԱԺ նախագահին չստորագրելու մասին տեղեկացման հանգամանքին, ապա այդպիսի լիազորությամբ կամ գործառույթով օժտված չէ նախագահը, ուստի այդ տեղեկացումը չունի իրավական հենք և չի կարող դառնալ որևէ գործողության իրավական հիմք:

Չէ, ես իհարկե գիտեմ, որ դուք ինչ ուզում անում եք, գիտեմ, որ Հայաստանում դուք իրավական բանդիտիզմ եք իրականացնում, բայց մտքովս անցավ նորից հուշել, որ չլսեք ձեր հայտնի սահմանադրատգետին»։ 

--0--ԱՀ