Ռազմական ոստիկանության բաժնի պետը՝ խոշորացույցի տակ. Ա․ Քոչարյանը կբարեխոսի՞․ «Ժողովուրդ»

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 1, 24News

․

«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Ռազմական ոստիկանության շուրջ ուշագրավ զարգացումները չեն դադարում: Մասնավորապես՝ մեր տեղեկություններով՝ ռազմական հնաբնակ ոստիկանապետերը ներկայիս իշխանության մեջ բարեկամներ են փնտրում իրենց տեղը ապահովվելու համար, ինչն էլ ՌՈ աշխատակիցների մոտ դժգոհության ալիք է բարձրացրել:

Գաղտնիք չէ, որ 2020 թվականի փետրվարի 21-ին Ռազմական ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակված Ալեքսան Աղաջանյանն իր մոտ էր հրավիրել նախկին իշխանությունների հետ բարեկամական կամ ընկերական կապի մեջ գտնվող ՌՈ պաշտոնատար անձանց եւ «հաթաթա տվել»՝ եթե կաշխատեք նորմալ, կմնաք, չեք աշխատի, ազատման դիմում կգրեք:

Ավելին, ՌՈ որոշ աշխատակիցներ դրանից հետո դիմել էին իշխանության իրենց ծանոթներին, որ օգնեն զսպել Ալեքսան Աղաջանյանին կամ այնպես անեն, որ իրենց աշխատանքից չազատեն:

Եվ, ահա, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ նրանց թվում է Ռազմական ոստիկանության Վանաձորի բաժնի պետ Աշոտ Զաքարյանը, որը եւս համարվում է հնաբնակներից: Ավելին, ըստ լուրերի՝ Աշոտ Զաքարյանը, լինելով Երեւանի կայազորի ՌՈ պետ, խոչընդոտել է խաղաղապահ զորքերի միանալը հեղափոխության ակցիաների մասնակիցներին:

Եվ քանի որ ՌՈ նորանշանակ պետ Ալեքսանդր Աղաջանյանը որոշել է համակարգը մաքրել նախկիններից, Զաքարյանը եւս իշխանության ներսում բարեկամներ է փնտրում, որպեսզի պաշտոնից չազատվի: ՌՈ-ում տարածված լուրերի համաձայն՝ Վանաձորի ռազմական ոստիկանապետը բարեկամ է իրեն գտել՝ ի դեմս ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի:

Ստեղծված իրավիճակի շուրջ զրուցեցինք ՌՈ ռազմական ոստիկանության բաժնի պետ Աշոտ Զաքարյանի հետ, որը հաստատեց, որ Անդրանիկ Քոչարյանի հետ վաղեմի ընկերներն են, սակայն վստահեցրեց, թե դա կապ չունի իր աշխատել կամ չաշխատելու հետ: «Ռազմական ոստիկանության անձնակազմը որեւէ ներքին խնդիր չունի, եւ յուրաքանչյուրը զբաղված է իր աշխատանքային պարտականությունները կատարելով»:

Մեր դիտարկմանը՝ արդյոք ՌՈ ժամանակավոր պաշտոնակատարն իր հետ նման խոսակցություն ունեցել է աշխատանքից ազատվելու վերաբերյալ, ասաց. «Կարծում եմ՝ ոչ միայն իմ հետ, այլ որեւէ մեկի հետ նման շեշտադրությամբ խոսակցություն չկա, ինձ հետ առավելեւս: Ավելին, չեմ կարող Ձեզ մեկնաբանել՝ եթե որեւէ մեկին հետաքրքրում է իմ կենսագրությունը, ապա թող հետ գնան եւ տեսնեն, թե ես ինչ ճանապարհ եմ անցել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

--0--ԱՀ