Դատարանը վարույթ ընդունեց Վլադիմիր Գասպարյանի և ոստիկանության նախկին պաշտոնյաների քրգործը

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 1, 24News

Վովա

ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի և ոստիկանության նախկին այլ բարձրաստիճան պաշտոնյաների վերաբերյալ քրգործը վարույթ ընդունվեց։ Գործը քննում է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Գրիգորյանը: Այդ մասին տեղեկանում ենք Դատական-տեղեկատվական համակարգից։

Ըստ մեղադրական եզրակացության՝ Վլադիմիր Գասպարյանը 1997-2011 թվականներին զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարության զինվորական ոստիկանության /2007 թվականի փետրվարի 3-ից ռազմական ոստիկանության / վարչության պետի, ապա ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնները, կատարել է իրեն վստահված ուրիշի առանձնապես խոշոր չափերով գույքի վատնում՝ տեղյակ լինելով ՀՀ պաշտպանության նախարարության թիվ 20440 զորամասի երեք զինծառայողների կողմից իրենց բուն գործառույթները չկատարելու և զորամաս չհաճախելու մասին, որևէ միջոց չի ձեռնարկել, արդյունքում նշված ժամանակահատվածում վատնման եղանակով պետական միջոցներից հափշտակվել է առանձնապես խոշոր չափի գումար:

Ըստ մեղադրանքի՝ Վլադիմիր Գասպարյանը 2011-2018 թթ., զբաղեցնելով ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի պաշտոնը, հանդիսանալով մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերի հակառակ՝ ՀՀ ոստիկանության հաշվեկշռում գտնվող 15.000.000, և 10.000.000 ՀՀ դրամ արժողությամբ անշարժ գույքը սեփականության իրավունքով ապօրինի հատկացրել է բնակարանային պայմանների բարելավման կարիք չունեցող ՀՀ ոստիկանության ծառայողներին, ինչի արդյունքում անզգուշությամբ առաջացել են ծանր հետեւանքներ: Վլադիմիր Գասպարյանը կատարել է իրեն վստահված ուրիշի առանձնապես խոշոր չափերով գույքի վատնում` ՀՀ ոստիկանության հաշվեկշռում գտնվող 10.000.000 ՀՀ դրամ արժողությամբ անշարժ գույքը սեփականության իրավունքով ապօրինի հատկացրել է ՀՀ ոստիկանության ծառայողին:

--00—ԼՄ