ՀՀ-ում իր առաքելությունն ավարտող ԵԽ գրասենյակի ղեկավարն խոսել է կոռուպցիայի դեմ պայքարից

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 1, 24News 

քաղաքական

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր ընդունել է Հայաստանում իր առաքելությունն ավարտող Եվրոպայի խորհրդի երեւանյան գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովային:

Նախարարը շնորհակալություն է հայտնել տիկին Վուտովային կատարած գերազանց աշխատանքի ու արդյունավետ համագործակցության համար եւ շեշտել Եվրոպայի խորհրդի աջակցության կարեւորությունը՝  Հայաստանում ընթացող բարեփոխումների համատեքստում։

Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարը եւս շնորհակալություն է հայտնել փոխգործակցության համար եւ ընդգծել, որ, լինելով իրավաբան, Արդարադատության նախարարության հետ համագործակցությունն ու իրականացրած ծրագրերն իր համար հոգեհարազատ են եղել։

Հանդիպման ընթացքում հակիրճ անդրադարձ է կատարվել համատեղ իրականացված եւ ընթացքի մեջ գտնվող մի շարք ծրագրերի արդյունքներին, որոնք վերաբերել են Քրեական եւ Քրեական դատավարության նոր օրենսգրքերի նախագծերին, պրոբացիայի ոլորտի բարեփոխումներին, կոռուպցիայի դեմ պայքարին, խոշտանգումների կանխարգելմանն ուղղված աշխատանքներին եւ այլն։

Անդրադառնալով դատական համակարգում վեթինգի իրականացման հարցին՝ ԵԽ երեւանյան գրասենյակի ղեկավարն ընդգծել է, որ Արդարադատության նախարարության կողմից Դատական օրենսգրքում կատարված փոփոխություններով ստեղծվել է անհրաժեշտ գործիքակազմը՝ այն արդյունավետ եւ եվրոպական ստանդարտներին ու արժեքների համահունչ իրականացնելու համար։

Նախարար Բադասյանը, եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնելով տիկին Վուտովային՝ ներդրած ջանքերի համար, ԵԽ-ի հետ համագործակցությունը նույն արդյունավետությամբ շարունակելու պատրաստակամություն է հայտնել։

Նատալյա Վուտովան իր հերթին Եվրոպայի խորհրդի պատրաստակամությունն է հայտնել շարունակել Հայաստանին ուղղված աջակցությունը՝ օրենքի գերակայության ամրապնդման եւ բարեփոխումների իրականացման առաքելության ճանապարհին:

--0--ԿԿ