Մինսկի խմբի ջանքերն արժանի են բարձր գնահատականի և անվերապահ աջակցության․ Լուկաշևիչ

ԵՐԵՎԱՆ, նոյեմբեր 12, 24News

Thumbnail

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների «եռյակի» ջանքերն արժանի են բարձր գնահատականի և անվերապահ աջակցության։ Twitter–ի իր միկրոբլոգում  գրել է ԵԱՀԿ–ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը։

Նա արդյունավետ է անվանել 2018թ–ի սեպտեմբերի 28–ին Դուշանբեում ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի շրջանակում կայացած հանդիպումը, քանի որ ոչ երկար դադարից հետո վերականգնվել է Ադրբեջանի և Հայաստանի շփումը։

«Հրադադարը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական առաքելության արդյունավետության և կարգավորման էական ասպեկտներում փոխզիջման հասնելու կարևորագույն պայմանն է», – գրել է դիվանագետը։

Նրա խոսքով` Ադրբեջանի և Հայաստանի շփման գծում պահպանվում է համեմատաբար կայունություն, նվազում է «լռության» ռեժիմի խախտումների թիվը։

«Կոչ ենք անում կողմերին ամրագրել լարվածության նվազեցմանն ուղղված լրացուցիչ միջոցների դրական միտումը», – գրել է Լուկաշևիչը։

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն են Ռուսաստանը, Ֆրանսիան և ԱՄՆ–ն։ Նրանցից բացի, Մինսկի խմբի կազմում են Բելառուսը, Գերմանիան, Իտալիան, Շվեդիան, Ֆինլանդիան և Թուրքիան, ինչպես նաև Հայաստանը և Ադրբեջանը։