Ինքնաձիգ, ատրճանակներ, նռնակներ․ քաղաքացիները կամավոր զենք-զինամթերք են հանձնել

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 2, 24News

Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում հուլիսի 2-ին Տավուշի մարզի բնակիչ, 46-ամյա մի տղամարդ կամավոր հանձնել է գործարանային արտադրության ինքնաձիգ ու 9 մմ տրամաչափի տասնմեկ փամփուշտ՝ հայտնելով, որ դրանք պատկանել են հանգուցյալ հորը։

Մասիսի ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում Այնթապ գյուղի բնակիչ, 47-ամյա մի տղամարդ բաժնում կամավոր հանձնել է հանգուցյալ հոր որսորդական հրացանն ու տարբեր տրամաչափի 70 փամփուշտ, որոնք գտել է տան տանիքում։
Արարատի մարզի Նարեկ գյուղում բնակվող 35-ամյա մի տղամարդ ոստիկանության Արտաշատի բաժնում կամավոր հանձնել է գործարանային համարը ջնջված «Կարաբին» տեսակի հրազեն և 150-ից ավելի տարբեր տրամաչափի փամփուշտներ՝ մի մասը ժապավենի վրա ամրացված։ Դալար գյուղի բնակիչներից մեկը ևս Արտաշատի բաժնում կամավոր հանձնել է «Կարաբին» տեսակի հրազեն՝ հայտնելով, որ այն ձեռք է բերել տարիներ առաջ։

Բյուրեղավանի բնակչուհիներից մեկը ոստիկանության Կոտայքի բաժնի Բյուրեղավանի բաժանմունքում կամավոր հանձնել է հանգուցյալ ամուսնուն պատկանած նռնակն ու տարբեր տրամաչափի 240-ից ավելի փամփուշտ։

Արմավիրի մարզի բնակիչներից մեկը զանգել է ոստիկանության Արմավիրի բաժին ու հայտնել, որ քաղաքի չգործող կաթի գործարանի մոտ հրազեն է թողել։ Քաղաքացու հայտնած վայրում Արմավիրի ոստիկանները հայտնաբերել են գործարանային համարը ջնջված հրացան, ականանետի ական ու 40-ից ավելի փամփուշտ։

Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել նաև ոստիկանության Վաղարշապատի բաժնում։ Լուսագյուղի բնակիչներից մեկը բաժին է բերել տանիքում գտած «ՏՕԶ» տիպի հրացանը, ինքնաձիգի փամփշտատուփ, նռնակի պայթուցիչ ու տարբեր տրամաչափի փամփուշտներ։ Ջրարբի գյուղի բնակիչներից մեկն էլ ոստիկանության Վաղարշապատի բաժնում կամավոր հանձնել է խորդանոցում գտած ինքնաշեն ատրճանակ, որն, ըստ նրա՝ պատկանել է հանգուցյալ հորը։

Մյասնիկյան գյուղում բնակվող 52-ամյա մի տղամարդ էլ ոստիկանության Բաղրամյանի բաժնում կամավոր հանձնել է գործարանային համարով իտալական արտադրության ատրճանակ, պայթուցիչներով նռնակներ ու տարբեր տրամաչափի 90-ից ավելի փամփուշտ, որոնք, ըստ նրա՝ պատկանել են հանգուցյալ ընկերոջը։
Քանաքեռ-Զեյթունի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում Երևանի բնակիչ, 40-ամյա մի տղամարդ բաժնում կամավոր հանձնել է գործարանային համարը ջնջված հրացան ու փամփուշտներ։

Ոստիկանության Մաշտոցի բաժնում տարբեր տեսակի նռնակներ, նռնակի պայթուցիչներ ու փամփուշտներ է կամավոր հանձնել Աջափնյակ վարչական շրջանի բնակիչներից մեկը։
«ՏՕԶ» տիպի հրացանը, «Ֆ 1» նռնակն ու ինքնաձիգի 83 փամփուշտը ոստիկանության Էրեբունու բաժնում կամավոր հանձնել է Երևանի մի բնակիչ՝ Էրեբունու բաժնի անչափահասների գործերով ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ։
Նշանակվել են դատաձգաբանական փորձաքննություններ։

Հիշեցնենք, որ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից։

--00—ԼՄ

Տեսանյութեր

Live

Լրահոս