Գույքահարկի փոփոխման գաղափարը ճիշտ է, թերի են իրականացման մեթոդները

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 2, 24News 

Նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը գույքահարկի փոփոխությունը ցանկալի է համարում, որովհետև նախկինում գոյություն ունեցող այս հարկատեսակը ճիշտ չէր արտահայտում տնտեսական հարաբերությունները, և այդ տեսակետից օրենքում կատարված  փոփոխությունը ողջունելի է։ Ըստ նրա՝ թեև գաղափարն ու քաղաքականությունը ճիշտ են, սակայն թերի է իրականացված։ Խնդրին առավել մանրամասն անդրադառնալով՝ Գաբրիելյանն ընդգծել է․ 

«Պե՞տք էր փոփոխություն՝ այո։ Պետք էր մի քանի պատճառներով։ Պատճառ համար մեկ՝ երբ որ կադաստրային արժեքները ճիշտ չեն արտացոլում գույքի արժեքը, ապա այն օպտիմալ չի օգտագործվում։ Այն անգործ պահելը որևէ ծախս չի ենթադրում, և հաճախ սեփականատերը շահագրգռված չէ դա արտադրողական օգտագործելու։ Պատճառ համար երկու՝ եկամուտների հոսք, որը կապահովի հենց այդ գույքի պահպանումը, որի շուրջն ավելի բարեկարգ կլինի, կրկին գոյություն չունի այն մակարդակով, ինչը ցանկալի է։ Եվ այստեղ այս երկու պատճառը թե՛ արտադրողական օգտագործումը, թե՛ գույքի ու դրա արժեքի պահպանումը, այդ թվում՝ քաղաքացիների գույքի, շատ կարևոր էին։ Ողջունելի է, որ այդ փոփոխություններն արվել են»,- 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է նա։ 

Սակայն, ըստ Գաբրիելյանի, այս փոփոխություններն անելու հետ կապված կա երկու խնդիր, որոնցից միայն մեկին է անդրադարձ կատարվել։ 

«Առաջին խնդիրը գույքահարկի բարձրացման աստիճանական անելն էր, որը լուծվել է։ Երկրորդ խնդիրը, այսպես կոչված, սոցիալական ամորտիզատորների հարցն էր։ Դա նշանակում է, որ մշտապես առաջանում են խնդիրներ կոնկրետ կիրառելիս, մասնավորապես՝ սոցիալական խնդիրների տեսակետից այն մարդկանց մոտ է առաջանում, ովքեր ունեցել են ժամանակին բարձր եկամուտներ և ունեն արժեքավոր գույք, ու հիմա այդ գույքին համապատասխան եկամուտներ չունեն։ Ենթադրել միանգամից, որ այդ պայմաններում տեղի կունենա անթերի գույքի վերաբաշխում առանց որևէ մեկին վնաս տալու, աշխարհում և կյանքում այդպես չէ։ Դա նշանակում է, որ այդ մարդկանց համար որոշակի նկատառումներ պետք է լինեին։ Եվ այս էր հիմնական խնդիրը, որ պահանջում էր լայն շրջանակների հետ քննարկում, որի արդյունքում որոշակի սոցիալական ամորտիզատորների ներառում, որից հետո արդեն կիրարկում։ Երեք տարի առաջ մենք հենց այդ հարցի վրա էին կանգ առած, և ըստ էության հիմա էլ այդ խնդիրներին լուծում տրված չէ»,- նկատել է Գաբրիելյանը։  

Նախկին փոխվարչապետի գնահատմամբ՝ խնդիր է դրված, որպեսզի բոլորն ունենան հարկերը վճարելու կուլտուրա։ 

«Եթե նայում ենք մինչև 3մլն դրամի բնակարաններ ունեցողների հարցը, ապա նրանց վարձը տարեկան լինելու է շուրջ 5000 դրամ, այսինքն՝ այն հավասարազոր է աղբահանման գումարներին։ Ինչ վերաբերում է սահմանամերձ շրջաններին, ապա եթե մենք մտածում ենք ընդանուր հարկ վճարելու մշակույթը մտցնելու մասին, կարելի է նույն հարցերը լուծել՝ նրանց այդ նպատակով դոտացիաներ տալով։ Չեմ կարծում, որ 5000 դրամի հարկային ավելացումն էական բեռ է ՀՀ-ում։ Բեռի ավելացում կարող է լինել Երևանի կենտրոնում և ավելի թանկ տներում բնակվողների համար, որոնք դա ժառանգել են»,- ընդգծել է նա։

Առավել մանրամասն՝ տեսանյութում։

--0--ԿԿ

Տեսանյութեր

Live

Լրահոս