Այա Սոֆիայի կարգավիճակի մասին որոշումը կհրապարակվի 15 օրվա ընթացքում

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 3, 24News

այա

Թուրքիայի Հանրապետության Պետխորհրդի (բարձրագույն վարչական դատարան-խմբ․) 10-րդ պալատում հուլիսի 2-ին Սբ․ Սոֆիայի (Այա Սոֆիա) կարգավիճակի հարցով տեղի է ունեցել նիստ, բայց կայացված որոշման մասին ոչինչ չի հրապարակվել։ Այդ մասին գրում է ermenihaber.am-ը:

Նիստը վարող դատավորը հայտնել է, որ Պետխորհուրդը որոշումը գրավոր կհրապարակվի օրենքով սահմանված 15-օրյա ժամկետում։

Նշենք, որ Ստամբուլի պատմական կենտրոնում գտնվող բյուզանդական Այա Սոֆիա հռչակավոր տաճարի կարգավիճակը թանգարանից մզկիթի փոխելու հարցը Թուրքիայի Պետխորհրդի օրակարգ էր բերել «Մնայուն հիմնադրամի պատմական ժառանգության ու շրջակա միջավայրի պահպանության միությունը»։ Միությունը հայց էր ներկայացրել՝ պահանջելով չեղարկել տաճարին թանգարանի կարգավիճակ շնորհած թուրքական կառավարության 1934 թ. որոշումը։

Եթե 15 օրվա ընթացքում հրապարակվելիք վճիռը հակաիրավական ճանաչի կառավարության 1934 թ. որոշումը, ապա այն չեղյալ կհայտարարվի, իսկ Սուրբ Սոֆիայի տաճարն էլ կվերածվի մզկիթի։ 

Աղբյուրը հիշեցնում է, որ գրեթե 1000 տարի որպես քրիստոնեական Բյուզանդիայի գլխավոր տաճար ծառայած Այա Սոֆիան մզկիթի է վերածել օսմանյան սուլթան Մեհմեթ Ֆաթիհը՝ 1453-ին Բյուզանդիայի մայրաքաղաք Կոստանդնուպոլիսը գրավելուց հետո։ Մոտ 5 դար էլ այն եղել է Օսմանյան կայսրության սկզբում գլխավոր, ապա գլխավոր մզկիթներից մեկը։ 1930-ին 4 տարով փակվելուց հետո Թուրքիայի Հանրապետության հիմնադիր նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի նախաձեռնությամբ վերածվել է թանգարանի՝ առ այսօր պահպանելով այդ կարգավիճակը։

Իշխող կուսակցությունը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերջին տարիներին մի քանի անգամ օրակարգ են բերել Այա Սոֆիան կրկին մզկիթի վերեծոլու մասին խոսակցությունները՝ դրանք հաճախ վերածելով ընտրություններում իրենց ձայներն ավելացնելու գործիքի։

--00—ԼՄ

Տեսանյութեր

Live

Լրահոս