Գյումրեցի կնոջ դին այլ մարդկանց հանձնելու դեպքով ոստիկանությունում նյութեր են պատրաստվում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 3, 24News 

հասարակական

Գյումրու բնակիչ Սոնիկ Կարապետյանի դին հիվանդանոցից այլ մարդկանց հանձնելու դեպքով հարազատները դիմում են ներկայացրել ոստիկանություն, ինչի հիման վրա նյութեր են նախապատրաստվում: 24News-ն այդ մասին տեղեկացավ ՀՀ ոստիկանության լրատվական բաժնից: 

Ավելի վաղ՝ հուլիսի 1-ին, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել էր Մարիամ Մալխասյանի կողմից իրեն ուղղված նամակը, որում օգտատերը պատմել էր, որ կորոնավիրուսից մահացած իր տատիկի դին չեն կարողանում գտնել, քանի որ դին դիահերձարան տեղափոխող սանիտարը լավ չի կարողացել կարդալ հանգուցյալի ազգանունը, և նրան հուղարկավորել են բոլորովին այլ մարդիկ:

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը երեկ պարզաբանել էր, թե Սոնիկ Կարապետյանի դիակը փոխանցել է Շտապօգնության ծառայության համապատասխան բրիգադին և այս հարցում բուժկենտրոնը որևէ թերացում չի ունեցել։

Հիշեցնենք նաև, որ Մարիամ Մալխասյանը նշել էր, որ տատիկի գրպանից գումար է անհետացել և մայրապետը տատիկի հեռախոսի գումարը փոխանցել է իր հաշվին: «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ն պարզաբանել էր, որ օրենսդրությամբ սահմանված կարգով նշվածի վերաբերյալ հարուցվել է կարգապահական պատասխանատվության ենթարկելու վարույթ։

Սոնա Գրիգորյան

--0--ԿԿ