ԱՄՆ-ն 1 մլն դոլարի աջակցություն է տրամադրում ՀՀ-ին՝ պայքարելու կոռուպցիայի դեմ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 27, 24News  

ԱՄՆ

Միացյալ Նահանգները 1 միլիոն դոլարի աջակցություն է տրամադրում Հայաստանի Հանրապետությանը՝ պայքարելու կոռուպցիայի դեմ:

Հունիսի 23-ին առցանց ձևաչափով տեղի ունեցած միջոցառմամբ մեկնարկել է «Տեխնիկական օժանդակություն Հայաստանի Հաշվեքննիչ Պալատին» եռամյա ծրագիրը։
Միացյալ Նահանգների կառավարությունը, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով, միջգերատեսչական պայմանագիր է ստորագրել ԱՄՆ կառավարության Հաշվեքննիչ գրասենյակի (GAO) Աուդիտի գերազանցության կենտրոնի հետ՝ Հայաստանի Հանրապետության աուդիտի բարձրագույն մարմնին՝  Հաշվեքննիչ պալատին տեխնիկական օժանդակությամբ, խորհրդատվությամբ և վերապատրաստման դասընթացներով ապահովելու մասին։

Այս ծրագրի միջոցով ԱՄՆ կառավարության Հաշվեքննիչ գրասենյակը կաջակցի իրագործել Հաշվեքննիչ պալատի մասին ՀՀ 2018թ․ օրենքի պահանջները՝ ուղղորդելով ընդունելու և պահպանելու աուդիտի միջազգային չափանիշերը։
Միացյալ Նահանգների գլխավոր հաշվեքննող և ԱՄՆ կառավարության Հաշվեքննիչ գրասենյակի ղեկավար Ջին Դոդարոն և ԱՄՆ ՄԶԳ-ի գլխավոր ֆինանսական տնօրեն՝ Ռեջինալդ Վ. Միթչելը, որոնք COVID-19 ճգնաժամից առաջ նախատեսում էին այցելել Հայաստան, տեսակապով միացան ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանին, Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին և ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերին՝ նշելու ծրագրի մեկնարկը։

Սա ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակի երկրորդ միջգերատեսչական պայմանագիրն է ԱՄՆ կառավարության հաշվեքննիչ գրասենյակի աուդիտի գերազանցության կենտրոնի հետ: Նախորդ համաձայնագրով GAO-ն Հայաստանի հաշվեքննիչ պալատում իրականացրել է կարիքների գնահատում ՝ վերջինիս ուժեղ և թույլ կողմերը վեր հանելու նպատակով: Այս ծրագրով նախատեսված օրակարգը հիմնված է կարիքների գնահատման արդյունքում արված առաջարկությունների վրա և համահունչ է ՀՀ կառավարության՝ պետական ֆինանսների կառավարման բարեփոխումների ռազմավարությանը:

«Հաշվեքննիչ պալատն առանցքային դերակատարում ունի պետական հաստատությունների հաշվետվողականության, թափանցիկության և բարեվարքության ամրապնդման առումով: Այս նոր ծրագիրը ՀՀ կառավարության նախաձեռնած բարեփոխումների և կոռուպցիայի դեմ պայքարի ջանքերի՝ ԱՄՆ Կառավարության կողմից տրամադրվող ընդհանուր աջակցության մաս է կազմում: Ծրագիրն իրականացնելու է ԱՄՆ կառավարության հաշվեքննիչ գրասենյակը (GAO), որը համարվում է «ոսկե ստանդարտ» աուդիտի բարձրագույն բոլոր մարմինների համար», – նշեց Հայաստանում ԱՄՆ դեսպան Լինն Մ․ Թրեյսին:

Ուժեղ և անկախ աուդիտի բարձրագույն մարմինը խիստ կարևոր դեր է կատարում՝ ձևավորելով քաղաքացիների վստահությունը պետական հաստատությունների նկատմամբ։ Այն երաշխավորում է հանրային ռեսուրսների արդյունավետ օգտագործումը՝ միտված կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը, ներդրված գումարի դիմաց առավելագույն արժեքի ապահովմանը և արդյունքների իրականացմանը։  

     --0—ՄՀ 

Տեսանյութեր

Live

Լրահոս