Էրդողանը հրահանգել է վերանայել կամ չեղարկել Ստամբուլյան կոնվենցիան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 27, 24News  

Էրդողան

Թուրքիայի նախագահ, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկին անդրադարձել է Ստամբուլյան կոնվենցիայի վերանայման անհրաժեշտությանը։ Էրդողանն այս մասին խոսել է իր նախագահությամբ տեղի ունեցած ԱԶԿ-ի կենտրոնական գործադիր կոմիտեի նիստի ժամանակ։  Այս մասին գրել է Ermenihaber-ը։ 

«Աշխատեք դրա վրա ու վերանայեք այն (կոնվենցիա)։ Եթե ժողովուրդը ցանկանա, չեղարկեք։ Եթե ժողովրդի պահանջը դրա չեղարկումն է, ուրեմն պիտի համապատասխան որոշում ընդունվի։ Ժողովուրդը ոնց կասի, թող այդպես էլ լինի»,- ասել է Թուրքիայի նախագահը։

Նշենք, որ Էրդողանն այս թեմայով խոսել էր նաև 2020-ի փետրվարին կուսակցական մեկ այլ ժողովի ժամանակ՝ ասելով, որ իրենք պատրաստվում են վերանայել Ստամբուլյան կոնվենցիան։

Նշենք, որ «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման ու դրա դեմ պայքարի մասին կոնվենցիա»-ն Ստամբուլյան կոնվենցիա է անվանվում, քանի որ ստորագրվել է Թուրքիայի Ստամբուլ քաղաքում 2011թ. մայիսի 11-ին: Եվրախորհրդի անդամ երկրների նախաձեռնությամբ հռչակված այս կոնվենցիան առաջինը վավերացրել է Թուրքիան 2012թ. մարտի 12-ին: 2019թ. մարտի դրությամբ այն ստորագրել է Եվրոպայի խորհրդի անդամ 46 երկիր և Եվրոպական միությունը:

Կոնվենցիան ուժի մեջ է մտել 2014-ի օգոստոսի 1-ից: Եվրոպայի Խորհրդի մի շարք երկրների քաղաքական, հասարակական և կրոնական շրջանակների կողմից Ստամբուլյան կոնվենցիան ենթարկվում է սուր քննադատության: Եվրոպայի Խորհրդի անդամ երկրներից Ռուսաստանի Դաշնությունն ու Ադրբեջանը հրաժարվել են ընդունել այն։ Հայաստանը Ստամբուլյան կոնվենցիան չվավերացրած երկրների շարքում է:       --0—ՄՀ