Խախտումների նվազման դիմանիկա կա, դեպք է գրանցվել միայն հացի արտադրամասում. ՍԱՏՄ

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 3, 24News

սատմ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, իրեն վերապահված լիազորությունների շրջանակում, շարունակում է հետամուտ լինել ՀՀ պարետի որոշումների կատարմանը: Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կառավարությունը:

«Այսօր արդեն ՍԱՏՄ ստուգայցերի ու մշտադիտարկումների տիրույթում խախտումների նվազման հստակ դիմանիկա կա. Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ուժեղացված ստուգայցերի ժամանակ խախտումներ հայտնաբերվել են միայն մեկ տնտեսավարողի մոտ՝ հացի արտադրամասում: Արտադրամասի սանհանգույցում չի եղել փակ աղբարկղ ձեռնոցների ու դիմակների համար, ինչպես նաև՝ ձեռքերի ախտահանման միջոցներ:

Հանրապետության մարզերում ևս ընթացել են մշտադիտարկումներ: Թերացումների մասին արձանագրությունները կներկայացվեն պարետատուն, կլինեն կասեցումներ, քանի որ, թեև տնտեսավարողները միտված են առավել ուշադիր ու պատասխանատու գործելաոճի, սակայն խախտումներ, այնուամենայնիվ, թույլ են տալիս:

Այսօր 24 ժամով կասեցվել է մի շարք սննդի շղթայի կազմակերպությունների՝ հանրային սննդի օբյեկտների, խանութների և արտադրությունների, գործունեությունը:

Կորոնավիրուսի դեմ պայքարին միտված սանիտարահիգիենիկ բոլոր նորմերը, առանց բացառության, պարտադիր են բոլոր տնտեսավարողների համար»,- ասված է հաղորդագրության մեջ:

--00—ԼՄ