Որակազրկված «Արագած» ակումբը պատասխանել է ՀՖՖ-ին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 3, 24News 

ю

Աշտարակի «Արագած» ֆուտբոլային ակումբն իր ֆեյսբուքյան էջում ուշագրավ հայտարարություն է արել, որը կապված է Հայաստանի ֆուտբոլի 1-ին խմբում հայտնաբերված պայմանավորված խաղերին:

«Արագած» ֆուտբոլային ակումբը սատարում է ՀՖՖ-ին և նրա միջոցառումները պայմանավորված խաղերի խնդիրը արմատախիլ անելու պատրաստակամությանը: Նաև, ակումբը ցանկանում է որոշակի հստակություն մտցնել ընթացիկ իրադարձությունների ֆոնին.

  1. Առանց որևէ ապացույցի մեղադրվում են մարդիկ և սևանում են նրանց անունները: «Արագած» ՖԱ-ն վստահ է իր աշխատակիցների և ֆուտբոլիստների հարցում. նրանք, ովքեր այս պահին ակումբում են, որևէ առնչություն չունեն պայմանավորված խաղերի հետ:
  2. «Արագած» ՖԱ-ն դիմել է ՀՖՖ-ին` մասնավորապես պաշտոնյաներին` պայմանավորված խաղերի հարցով: Օրինակ, մեր ակումբը հստակ տեսակետ է հայտնել «Արագած» - «Դիլիջան» հանդիպման վերաբերյալ, որը դադարեցվել է և հրապարակվել են դադարեցման պատճառները:
  3. «Արագած» ֆուտբոլային ակումբը ներքին հետաքննություն է անցկացրել, որի արդյունքում առանձնացվել են Առաջին խմբի առաջին հատվածի այն խաղերը, որոնք ակումբի կարծիքով պայմանավորված էին, իսկ մասնակցություն ունեցող անձինք պատժվել են:
  4. Բացի այդ, «Արագած» ՖԱ-ն ամբողջ ֆուտբոլային հանրությունից ներողություն է հայցում պայմանավորված խաղի համար, որը կայացել է 2019 թվականի դեկտեմբերի 23-ին:

5.Piscis primum a capite foetat.

Նշենք, որ վերջին երկու կետերով «Արագած» ֆուտբոլային ակումբը լուրջ մեղադրանք է ներկայացնում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային ու նրա նախագահ Արմեն Մելիքբեկյանին: Բանն այն է, որ 2019 թվականի դեկտեմբերի 23-ին Հայաստանում ֆուտբոլային ոչ մի խաղ տեղի չի ունեցել: Այդ օրը կայացել է ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահական ընտրությունները, որում հաղթել է Արմեն Մելիքբեկյանը:

Ինչ վերաբերում է «Ձուկը գլխից է հոտած» ասացվածքին, ապա այստեղ ակումբը ժամանակային առումով խառնել է իրադարձությունները. Հայաստանի 1-ին խմբի ընթացիկ առաջնության մեկնարկի ժամանակ ՀՖՖ նախագահ է եղել Արթուր Վանեցյանը:

Հիշեցնենք, որ այսօր ՀՖՖ գործադիր կոմիտեն «Արագած», «Տորպեդո», «Մասիս», «Լոկոմոտիվ» և «Երևան» ֆուտբոլային ակումբներին, դրանց որոշ ղեկավարներին ու ֆուտբոլիստներին, որակազրկել է տարբեր ժամկետներով՝ պայմանավորված խաղերում ներգրավված լինելու համար:

--0--ԱՀ