Արցախի զորավարժություններում աչքի ընկած զորամասերը և զինծառայողները խրախուսվել են

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 4, 24News 

հասարակական

Հուլիսի  4-ին, ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի նախագահությամբ, տեղի է ունեցել  ս.թ. հունիսի 22-ից 26-ը անցկացված մարտավարական զորավարժությունների արդյունքների ամփոփումը: Ըստ փուլերի անդրադառնալով զորավարժությունների արդյունքներին՝ բանակի հրամանատարը մանրակրկիտ վերլուծության  է ենթարկել 2020 թվականի բանակային ուսումնական տարվա կարևորագույն միջոցառումներից մեկի ընթացքը, մասնավորապես մարտական պատրաստականության, սպառազինության ու ռազմական տեխնիկայի շահագործման, զորամասերի ու ստորաբաժանումների ղեկավարման և կրակային խոցման ուղղությունները: 

Հանրապետության ռազմական գերատեսչության ղեկավար,  գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը զորավարժությունների ընթացքում արձանագրված ձեռքբերումների ու թերացումների վերաբերյալ հրամանատարական կազմին տված  համապատասխան ցուցումներից  ու հանձնարարականներից  բացի, կարևորել է նաև հաջորդ ուսումնական փուլի նախապատրաստական աշխատանքների համալիրը, մասնավորապես մարտական հերթապահության կազմակերպման, ստորաբաժանումների ներդաշնակման և զորամասերի կենսագործունեության այլ առանցքային ուղղություններում:

Ամփոփիչ զեկույցից հետո հրապարակվել է  ՊԲ հրամանատարի հրամանը, համաձայն որի  զորավարժությունների ընթացքում լավագույն կողմերով աչքի ընկած զորամասերը, ստորաբաժանումներն ու առանձին զինծառայողներ խրախուսվել են արժեքավոր նվերներով և դրամական պարգևներով: 

--0--ԿԿ