Արտաշիրիմում արած նորհաճնցի տատիկի ամուսինն էլ է մահացել. ողբերգության հետքերով

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 4, 24News

կորոնամահ

Գյումրեցի տատիկի դին գտնվել է: Այն, որ գտնված դին Նոր Հաճնում հուղարկավորված տատիկի դիի հետ էին շփոթել, պաշտոնական հայտարարություն չեղավ:

24News-ը կապ է հաստատել է Նոր Հաճնում հուղարկավորված Սվետա տատիկի փեսայի՝ Հովհաննես Ադամյանի հետ: Հարազատները վրդովված են, ասում են՝ պատահածը մեծ պատմություն դարձնելուց առաջ գոնե մահացածի հիշատակն էր պետք հարգել. սուտ լուրեր պետք չէր տարածել:

«Ամբողջ հանրապետությունով մեկ տարածել են, թե իբր ուրիշի բերել ենք, հուղարկավորել ենք, մեր տատիկն էլ զանգել ա աղջկան, այսինքն՝ իմ կնոջը, իբր ինչի՞ իմ մասին չեք մտածում. դա ապատեղեկատվություն է»,-ասում է Հովհաննես Ադամյանը:

Ըստ փեսայի՝ հուղարկավորության հաջորդ օրը՝ ինքնահողին, իրենց հետ կապ է հաստատել ոստիկանությունը և թույլտվություն խնդրել՝ արտաշիրիմում անելու:

«Դուք էս ամեն ինչը անմիջապես լսում եք ինձնից: Ոստիկանները նույնիսկ չեն պահանջել, ընդամենը խնդրել են արտաշիրիմում անել՝ համոզվելու, թե ո՞ւմ ենք բերել, հուղարկավորել: Մենք մեր ձեռով հանել ենք հողից: Էդ դագաղները կնքված են: Ոստիկանների ներկայությամբ հանել ենք, իրենց հետ տեղափոխել են մորգ, որտեղ մեզ արդեն չեն թողել մտնենք: Էդտեղ արտաշիրիմում են արել, կանչել են, որդին մտել ա, տեսել ա՝ որ իր մայրն ա, նորից կնքել են, դրել են, բերել, հուղարկավորել ենք…»,-ասում է փեսան ու վրդովվում. «Հետո սա ի՞նչ պատմությունը ա, տատիկ ա, մահացել ա, փոխել են… ո՞ւմ ա պետք…»:

Մահացածի փեսան չգիտի՝ իրականում շփոթե՞լ էին դիրերը, թե՞՝ ոչ. մորգում իրենց նման տեղեկություն չեն տրամադրել, իրենք էլ տունը էլի մահացած ու վարակվածներ ունեին, կարիքը չեն ունեցել ցավը խորացնել այդ տեղեկությամբ: Միայն նշում են, որ մորգից երկրորդ անգամ բերելիս հաստատ իրենց տատիկի դին են բերել, քանի որ որդին ու թոռը մահացածի դեմքը տեսել են:  

Պատմությունը, ճիշտ է, արտառոց է, բայց Հովիկ Ադամյանը գյումրեցի այն ընտանիքին, ում տատիկի դին կորել է, խնդրանք ունի՝ չդիմել ոստիկանություն ու թույլ չտալ, որ պատմությանը քաղաքական աստառ տան այս ծանր իրավիճակում:

«Մենք՝ Նոր Հաճնի տատիկի բոլոր հարազատներս, ոչ մի բողոք չունենք, ոչ մի պրիտենզիա չունենք ո՛չ բուժաշխատողներից, ո՛չ բուժհիմնարկից, ո՛չ քույրերից, ո՛չ սանիտարներից, որովհետև մենք ինքներս տեսել ենք, թե ի՞նչ աշխատանք են տանում բուժհիմնարկներում՝ մեր հիվանդների հետ կապված: Մարդիկ հոգնում են, մի ամբողջ օր աշխատում են: Չեմ կարծում, որ մեկը կազմակերպել էր, ինչ-որ ինադու էր արել տատիկի հետ կապված պատմությունը: Թյուրիմացություն ա, էղել ա… դա էլ հոգնածության նշան ա, որ Լեննականի տատիկի անուն-ազգանունը սխալ են գրել: Էդքան բան»,-ասում է փեսան:

Այս պատմության մեջ Ադամյաններին ամենաշատը զայրացրել է այն, որ իրենց սուգը քաղաքականացրել են ու համաճարակային ծանր իրավիճակում լայն քննարկման թեմա դարձրել:

«Էսպիսի բան ո՞վ է տեսել: Ո՞վ է տեսել, որ սուգը քաղաքականցնեն: Դա մեզ հեչ հետաքրքիր չի, մեզ՝ հարազատներիս, հետաքրքիր չի: Մենք տատիկից առաջ կորցրել ենք պապիկին: Երկու շաբաթ առաջ այդ տատիկի ամուսնուն ենք հուղարկավորել: Մենք էդ սիրտը չունենք: Գիտե՞ք՝ ինչքան դժվար ա մեզ համար: Մենք էսօր փորձում ենք գաղտնի պահել, որ դուստրերը չիմանան էս ամենի մասին»,-ասում է մահացածի փեսան:

Նշենք, որ 14 օր առաջ կորոնավիրուսից մահացել է նաև 79-ամյա Սվետա տատիկի ամուսինը՝ 88-ամյա Ավետիս պապիկը: Ընտանիքում էլի վարակվածներ են եղել: Հարսը սկեսուրի հետ հոսպիտալացվել էր, բայց բուժվել է: Վարակված է եղել նաև հարսի հարսը: Սակայն այս պահին ընտանիքի բոլոր անդամների՝ կորոնավիրուսի թեստերի պատասխանը բացասական է:

Լուսինե Մուրադյան

--00—ԼՄ