Արտակարգ դրության ռեժիմը խախտելու համար մինչ օրս կազմվել է ավելի քան 63000 արձանագրություն

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 4, 24News 

Պարետի որոշումների պահանջների կատարումն ապահովելու ուղղությամբ Հանրապետության ողջ տարածքում ոստիկանությունը շարունակում է իրականացնել արտակարգ ծառայություն` համագործակցելով իրավապահ այլ մարմինների, ինչպես և տեսչական ու տեղական ինքնակառավարման մարմինների հետ։

Ոստիկանության արտաքին ստորաբաժանումների ծառայողները հսկողություն են իրականացնում փողոցներում, բակերում, կանգառներում, ուսումնական հաստատությունների հարակից տարածքներում, հասարակական տրանսպորտային միջոցներում և այլուր՝ արագ հակազդելով արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնների ցանկացած խախտման։ Ընդհանուր առմամբ, արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու փաստերով մինչ օրս կազմվել է ավելի քան 63 հազար արձանագրություն։

Բացի այդ, ոստիկանության կարգախմբերը ստուգայցերի միջոցով արդյունավետ հսկողություն են իրականացնում ինքնամեկուսացման ու մեկուսացման վայրերում, հոգեհանգստի և հուղարկավորության արարողությունների ընթացքում, առևտրի և հասարակական սննդի բնագավառում գործունեություն ծավալող օբյեկտներում, որոնց արդյունքների մասին պարբերաբար տեղեկացնում ենք առանձին տեսանյութերով։

--0--ԿԿ