Մենք՝ որպես հավաքականություն, պետք է ուժ ու վճռականություն հաղորդենք նախագահին. Բաբաջանյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 6, 24News

արման

ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով նախագահ Արմեն Սարգսյանի որոշմանը՝ չստորագրելու ԱԺ-ի ընդունած հայտնի օրենսդրական փաթեթը:

«Նախագահ Արմեն Սարգսյանի վերջին քայլը, որով նա հրաժարվեց ստորագրել Ազգային ժողովի ընդունած հայտնի օրենսդրական փաթեթը, ամենատարբեր մեկնաբանությունների ու գնահատականների է արժանացել։

Ոմանք կարծում են, որ այդպիսով նախագահը քաղաքական հայտ ներկայացնելու փորձ է կատարում, որոշներն այդ քայլը պայմանավորում են տարբեր շրջանակների ու քաղաքական ուժերի հետ նրա ունեցած հարաբերություններով, կան նաև բազմաթիվ այլ վարկածներ։

Անկեղծորեն պետք է ասեմ, որ ինքս դժվարանում եմ բացատրել Արմեն Սարգսյանի այդ քայլի դրդապատճառները և որևէ հիմք չունեմ արժանահավատ համարելու տեղի ունեցածի վերաբերյալ այս կամ այն տեսակետը, քանի դեռ անձամբ չեմ տեղեկացվել նախագահի կողմից։ Մյուս կողմից, Արմեն Սարգսյանի՝ այդ քայլին դիմելու մոտիվները, որքան էլ կարևոր, սակայն երկրորդական են։ Շատ ավելի կարևոր ու առաջնային է այն դերն ու առաքելությունը, որն Արմեն Սարգսյանը ստանձնել է Հայաստանի ու հայ ժողովրդի համար ճակատագրական այս շրջափուլում։

Ուզում եմ հույս հայտնել, որ Արմեն Սարգսյանն ինքը բոլորից լավ է գիտակցում ու զգում այն բեռն ու պատասխանատվությունը, որն այս ժամանակահատվածում ընկած է ինչպես նախագահի ինստիտուտի, այնպես էլ՝ անձնապես իր ուսերին։ Իսկ դա Հայաստանի համար ճակատագրական դիրքավորում ունենալու ու նույնպիսի դերակատարում ստանձնելու պատասխանատվություն է։ Նույն՝ ճակատագրի բերումով, Արմեն Սարգսյանը Հայաստանի նորագույն պատմության մեջ մի անգամ հայտնվել է բախտորոշ գործչի կարգավիճակում:

1997 թվականին նրա հիվանդության պատճառով ընդհատվեց Հայաստանի բնականոն ընթացքը ու վարչապետի պաշտոնում Ռոբերտ Քոչարյանի նշանակմամբ սկզբնավորվեց երկրում քրեաօլիգարխիկ համակարգի ձևավորումը։ Տակավին անհայտ է, ինչպիսին կլինեին զարգացումներն այն ժամանակ, եթե Արմեն Սարգսյանը կարողանար շարունակել պաշտոնավարումը ՀՀ վարչապետի պաշտոնում։ Բայց Արմեն Սարգսյանն այդ ընդհատված ընթացքը շարունակելու, Հայաստանն ավելի ամուր ու զարգացած երկիր դարձնելու պատմական հնարավորությունը ստացել է այսօր, Թավշյա հեղափոխությունից հետո իրեն բաժին է ընկել երկիրը զարգացման անխուսափելի ճանապարհով տանելու պատիվն ու պատասխանատվությունը։

Ակնհայտ է, որ Հայաստանի ու հայ ժողովրդի ստացած այս պատմական հնարավորությունը նաև Արմեն Սարգսյանի ձեռքբերումն է, ինչպես որ՝ Արմեն Սարգսյանի կորուստն է լինելու, եթե պետությունն ու հասարակությունը կորցնի այդ շանսը։ Լիահույս եմ, որ Արմեն Սարգսյանը՝ որպես պետական կարևորագույն ինստիտուտը ներկայացնող գործիչ, որպես անհատ՝ գիտակցում է իրեն բաժին հասած պատասխանատվության այս լրջագույն չափաբաժինը, դա պատասխանատվություն է Հայաստանի Հանրապետության, ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու ու պետության ապագայի առջև։ Եվ եթե իրերը դիտարկում ենք այս լույսի ներքո, ակնհայտ է, որ նախագահի կողմից օրենքը չստորագրելու փաստը սոսկ մի դրվագ է, որը գուցե չհասկացվածության կամ ոչ լիարժեք հասկացվածության պատճառ է դարձել։ Այդ դրվագը սակայն չի կարող ստվերել այն առաքելությունն ու դերակատարումը, որ ՀՀ նախագահն ունի պետության ու հասարակության համար այս կենսական ժամանակահատվածում։ Ժամանակահտված, որը լի է խնդիրներով ու մարտահրավերներով, որոնք հաղթահարելու համար նաև մենք՝ որպես հավաքականություն, պետք է ուժ ու վճռականություն հաղորդենք նախագահին։

Հայաստանին պետք է ուժեղ, սկզբունքային ու վճռական նախագահ, հատկանիշներ, որոնք, վստահ եմ, ամբողջովին բնորոշում են Արմեն Սարգսյանին»,-գրել է Բաբաջանյանը։

--00—ԼՄ