Արմեն Սարգսյանը ծննդյան 80-ամյակի առթիվ շնորհավորել է Նուրսուլթան Նազարբաևին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 6, 24News 

նախագահ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ և շնորհավորել նրան ծննդյան 80-ամյակի առթիվ: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։

Ջերմ ու անմիջական զրույցի ընթացքում նախագահ Սարգսյանը նշել է, որ Նուրսուլթան Նազարբաևը մեծ վաստակ ունի Ղազախստանի զարգացման, միջազգային ասպարեզում նրա դերի ամրապնդման, ինչպես նաև եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների խթանման գործում:

Հայաստանի նախագահը բարձր է գնահատել Ղազախստանի առաջին նախագահի մեծ ներդրումը Հայաստանի և Ղազախստանի միջև քաղաքական, տնտեսական և հումանիտար ոլորտներում փոխշահավետ համագործակցության մեջ: Նախագահ Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ Հայաստանի ու Ղազախստանի միջև հաստատված ավանդական բարեկամական հարաբերություններն այսուհետ ևս կշարունակեն հաջողությամբ զարգանալ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով:

Նախագահ Արմեն Սարգսյանը Նուրսուլթան Նազարբաևին մաղթել է քաջառողջություն, հաջողություններ և ամենայն բարիք:    --0—ՄՀ