«Հայոց եկեղեցու պատմությունը» անպետք իրի նման չպետք է դուրս շպրտել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 6, 24News 

քաղաքական
24News-ի զրուցակիցն է Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը։

- Տիկին Կոստանյան, ԼՀԿ-ն ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին հարցապնդումների շարք է ուղարկել: Ի՞նչ «հարցախույզ» է դա, ի՞նչն է մտահոգում ձեզ, որ առաջնահերթ ցանկանում եք լսել ոլորտի պատասխանատուից:

- Հարցապնդումը վերաբերում է ԿԳՄՍ նախարարի երկամյա գործունեության ընթացքում մի շարք ոլորտային խնդիրներին, որոնք, ըստ մեզ, շարունակում են անլուծելի մնալ, ավելին՝ իրավիճակն այդ ոլորտներում ավելի է վատթարացել։ Խոսքը հանրակրթության ոլորտում ուսուցիչների պակասի, մասնագիտության հանդեպ հետաքրքրության նվազման, բարձրագույն կրթության ոլորտում ուշացող ռեֆորմների, բուհերում ռեկտորների ժ/պ-երի անվերջանալի խառնաշփոթի, «ԱՅԲ» կրթական հիմնադրամում կայացած ուսումնասիրությունների ու դրա վերաբերյալ դատախազությունում գործ հարուցելու և արդյունքների, կինոյի ասպարեզում պետական միջոցների անբարեխիղճ բաշխման, անհաշվետվողական քաղաքականության, ինչպես նաև հանրային բարձր հնչեղություն ստացած` ՀՊՏՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի ատենախոսության մեջ արտատպումների կամ ինչպես նախարարն էր մատնանշել, «գրագողության» դեպքերի մասին է: Սրանք ոչ բոլոր հարցերն են, որոնք տեղ են գտել հարցապնդման մեջ, այն բավականին ծավալուն է, լիազոր մարմնից պատասխանները մեզ դեռևս չեն հասել։

- Վերջին օրերին նորից ակտիվ է «Հայ առաքելական եկեղեցու պատմություն» առարկայի՝ դպրոցներում դասավանդել-չդասավանդելու հարցը: Ինչպե՞ս եք վերաբերվում այս հարցին, պե՞տք է առարկան դասավանդվի հանրակրթական դպրոցներում և ինչո՞ւ:

- Այո, նկատել եմ, որ նոր չափորոշիչների հանրայնացումը բավականին բուռն քննարկումների առիթ է դարձել։ Ընդամենը պետք է ասեմ, որ դարեր ի վեր հայերի կրթադաստիարակչական գործընթացում առանցքային դեր է ունեցել եկեղեցին, որն իր դպիրներով և վարդապետներով, բացի հոգևոր առաջնորդությունը, մշտապես կրթակական բարեփոխումների կենտրոն է եղել։ Եվ այս ամենից հետո եկեղեցու ներկայացուցչին տալ սահմանափակ հնարավորություն` ընդամենը մեկ անգամ փակ քննարկման մասնակցելով, 2-3 րոպեում ձևակերպել ինչ-ինչ խնդիրներ, փաստարկներ կամ հակափաստարկներ, ամենաարդյունավետ տարբերակը չէ բանակցելու և երկխոսելու: Եվ դա այն պարագայում, որ ԿԳՄՍ նախարարությունն ասել և ասում է, թե պատրաստ է ցանկացած ձևաչափով համագործակցության։ Կրթական բարեփոխումների շրջանակներում ազգային առանձնահատուկ կարևորություն ունեցող և պատմությունը երիտասարդ սերնդին ներկայացնող առարկան չպետք է ոչ պետքական իրի պես դուրս շպրտել ուսումնական պլանից։ Եթե առարկայի դասավանդման մեթոդաբանության հետ կապված կան խնդիրներ, խնդրեմ, բազմաթիվ են դրա մասնագետները, եկեղեցին վկա, թող հարցնեն: Եկեղեցու հոգևոր հայրերն իրենց պատրաստակամությունն են հայտնել և հայտնում մասն կազմելու կրթական բարեփոխումների այս կարևոր գործընթացին։ Չեմ կարծում, թե դրանից որևիցե մեկը, իսկ առավելապես բարեփոխումները կտուժեին։ Այլ հարց է, եթե այդ ամենը միտումնավոր է արվել, ապա այդ պարագայում պետք է ուսումնասիրել և հասկանալ՝ որն է  դրա նպատակը:

- Առաջին անգամ չէ, որ առարկայի գլխին մութ ամպեր են կուտակվում, առաջին անգամ չէ նաև, որ իշխանափոխությունից հետո Եկեղեցու նկատմամբ ընդգծված ինչ-որ ընդդիմացող գիծ է տարվում: Ի՞նչ է պատճառն՝ ըստ ձեզ:

- Հասկանալու համար, թե ինչ նպատակ է իրականում թաքնված այսօրինակ «բարեփոխման» հետևում, պետք է ուսումնասիրել չափորոշչի մշակման խմբում ներգրավված կազմակերպություններին, անձանց, որոնց մասին ինքս տվյալներ չունեմ։ Նախընտրում եմ մտածել, որ մշակողներն առաջնորդվել են հանրակրթության համար լավագույն ու բարենպաստ մղումներով ու նպատակներով։ Հիմա այն փուլն է, երբ նախագիծը գտնվում է հանրային քննարկման շրջանում, որին պետք է ամենամեծ թափով մասնակցեն նաև հանրապետության բազմավաստակ ու փորձառու ուսուցիչները, որոնց ձայնն այս պահին կարծես չի լսում լիազոր մարմինը։ Ես հանդիպումների շարք եմ սկսելու եկեղեցու հոգևոր հայրերի, ինչպես նաև տարբեր մարզերի դպրոցների ուսուցիչների հետ, ովքեր հրապարակավ կոչ են անում և հորդորում առարկան չհանել ուսումնական պլանից։ Իշխանափոխությունից հետո եկեղեցու հանդեպ տարվող որևիցե քայլ մեկնաբանելուց զերծ կմնամ, քանզի յուրաքանչյուր իրողություն կարելի է յուրովի ընկալել և ամենատարբեր մեկնաբանություններ տալ, պետք է նայել այդ քայլերի հետևանքներին ու վերջնարդյունքին, նոր միայն եզրակացություններ անել։ Հիմա այն փուլում ենք, որ հնարավոր է միջամտել գործընթացին և առաջարկությունների միջոցով փորձել այլ ընթացք տալ բարեփոխումներին:

Վրույր Սևակ

--0--ԿԿ