Աջափնյակում 1 օրով կասեցվել է որոշ խանութների, Գյումրիում՝ բենզալցակայանի գործունեությունը

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 6, 24News

1

Այսօր՝ հունիսի 30-ին, շուկայի վերահսկողության տեսչական մարմինը պարետատան սահմանած հակահամաճարակային անվտանգության պահպանման նորմերի առնչությամբ մշտադիտարկումներ եւ կրկնայցեր է իրականացրել Երեւան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանում: Ստուգայցերի եւ կրկնայցերի ընթացքում էական խախտումներ չեն հայտնաբերվել: Այս մասին հայտնում են Շուկայի վերահսկողության տեսչական մարմնից:

Հիշեցնենք, որ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը պարետի՝ մայիսի 3-ի N63 որոշման համաձայն՝ շարունակում է մշտադիտարկում իրականացնել առեւտրի կենտրոններում, տոնավաճառներում, շինարարական խանութներում, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առեւտրի կետերում:

Պարետի որոշմամբ տեսչական մարմինը կատարել է նաեւ կասեցումներ ՀՀ տարբեր մարզերում, նաեւ՝ Երեւանում: Մասնավորապես Աջափնյակ վարչական շրջանում 24 ժամով կասեցվել է շինանյութի մի շարք խանութների, իսկ Գյումրիում՝ բենզալցակայանների գործունեություն:

Նշված վայրերում արձանագրված հիմնական խախտումները դիմակ կրելը պարտադիր լինելու մասին իրազեկման թերթիկների, դիմակների եւ ձեռնոցների համար նախատեսված հատուկ փակ աղբամանների, ջերմաչափերի եւ ջերմաչափման գրանցամատյանների բացակայությունն է:

Հակահամաճարակային անվտանգության պահպանման նորմերի նկատմամբ տեսչական մարմնի կողմից մշտադիտարկման գործընթացը ՀՀ ամբողջ տարածքում շարունակվում է:

--00—ԼՄ