Հակահայկականությունն Ալիևի իշխանության պաշտպանության վերջին գիծն է. ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 8, 24News 

ագն

ՀՀ Արտաքին գործերի  նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հայտարարություններին:

«Այս հարցով իմ գործընկերներն արդեն իսկ հանդես են եկել մեկնաբանությամբ: Պարզապես ցանկանում եմ հավելել, որ մի քանի շաբաթ առաջ Հայաստանում կորոնավիրուսի տարածման առնչությամբ չարախնդող նախագահ Ալիևն այսօր մեկուսացման մեջ գտնվող իր հասարակությանը դիմելու այլ խոսքեր չունի, քան «օգտակար թշնամու» կերպարի առաջբերումը: Հակահայկականությունն Ալիևի իշխանության պաշտպանության վերջին գիծն է, և դրա ետևում թաքնվելը լավագույնս բնութագրում է Ադրբեջանում զարգացող ներքին ճգնաժամը և հուսահատ տրամադրությունները:

Զավեշտալի է, որ Հայաստանի ներքին քաղաքական զարգացումների, մարդու իրավունքների և ազատությունների մասին գնահատականներ է տալիս մի երկրի ղեկավար, որտեղ քաղաքական և տնտեսական իշխանությունը տասնամյակներ շարունակ գտնվում է մեկ ընտանիքի ձեռքում, որը միջազգային ասպարեզում բնորոշվում է որպես ռեպրեսիվ ռեժիմ: Հատկանշական է, որ նախագահ Ալիևն իր թշնամական և ռասիստական մեկնաբանություններով անպատասխանատու վերաբերմունք և արհամարհանք է դրսևորում նախևառաջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից մեկ շաբաթ առաջ արված հայտարարության հանդեպ, որը պարունակում էր մտահոգություն թշնամական և սադրիչ հռետորաբանության առնչությամբ:

Ինչպես Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների վերջերս կայացած համատեղ նիստում հայտարարել էր վարչապետ Փաշինյանը, «ղարաբաղյան հակամարտությունն անժամկետ հայ-ադրբեջանական լայնածավալ թշնամության վերածելու փորձերը, որտեղ մեր ժողովուրդները միմյանցից կվիճարկեն ամեն ինչ՝ անցյալը, ներկան, ապագան և ողջ տարածաշրջանը, վստահ եմ՝ չի բխում ո՛չ հայ, ո՛չ էլ ադրբեջանցի ժողովրդի շահերից»:

--0--ԱՀ