Եվրադատարանը մերժեց Հայաստանի ՍԴ նախկին նախագահի և երեք դատավորների դիմումը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 8, 24News 

միեդ

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն (ՄԻԵԴ) այսօր որոշել է չկիրառել միջանկյալ միջոց, որ պահանջել էին Հայաստանի Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Հրայր Թովմասյանը և երեք անդամները երկրի Սահմանադրությունում վերջին փոփոխությունների առնչությամբ: Այս մասին գրում է Ազատությունը։

Եվրադատարանի հաղորդագրության համաձայն՝ «Գյուլումյանը և մյուսներն ընդդեմ Հայաստանի» գործով հայցվորներն ակնկալում էին, որ ՄԻԵԴ-ը Հայաստանի կառավարությունից կպահանջի սառեցնել սահմանադրական փոփոխությունները, որոնցով Թովմասյանն ազատվել է ՍԴ նախագահի, իսկ մյուս երեք հայցվորները՝ դատավորների պաշտոններից:

ՄԻԵԴ-ը մանրամասնում է, որ 2015 թվականին փոփոխված Հայաստանի Սահմանադրությամբ սահմանված է ՍԴ դատավորների պաշտոնավարման 12-ամյա և ՍԴ նախագահի պաշտոնավարման 6-ամյա ժամկետ: Այդուհանդերձ, անցումային դրույթներով նախատեսված էր, որ մինչև սահմանադրական փոփոխությունների ուժի մեջ մտնելը նշանակված ՍԴ դատավորները պաշտոնավարելու են հին կարգով՝ մինչև կենսաթոշակային տարիքը, նմանապես՝ ՍԴ նախագահն էլ մինչև կենսաթոշակային տարիքը պետք է պահպաներ իր մանդատը: Հետևաբար՝ որոշվել է փոփոխություններ կատարել Սահմանադրությունում և ՍԴ դատավորների համար սահմանել պաշտոնավարման 12-ամյա ժամկետ՝ անկախ նրանից, թե երբ են նրանք նշանակվել, ինչպես նաև սահմանափակել ՍԴ նախագահի պաշտոնավարումը 6 տարով: Նշանակվել էր հանրաքվե, որը, սակայն, չկայացավ համաճարակի պատճառով, և փոփոխություններն ընդունվեցին խորհրդարանի կողմից ու հունիսին մտան ուժի մեջ, նշված է հաղորդագրությունում:

Եվրադատարանն այսօր որոշել է մերժել դիմումը որպես Դատարանի՝ միջանկյալ միջոցին վերաբերող 39-րդ կանոնի կիրառման շրջանակից դուրս գտնվող, քանի որ այն չի պարունակում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայում ամրագրված որևէ առանցքային իրավունքի լուրջ ու անդառնալի վնաս հասցնելու վտանգ, ասված է ՄԻԵԴ հաղորդագրությունում:

--0--ԱՀ