Դավիթ Տոնոյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովային

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 8, 24News 

․

Հուլիսի 8-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովային՝ Հայաստանում առաքելության ավարտի կապակցությամբ:

Հանդիպման ընթացքում ամփոփվել են ԵԽ երևանյան գրասենյակի կողմից իրականացվող «Մարդու իրավունքները և կանայք Հայաստանի զինված ուժերում» ծրագրի առաջին փուլի ընթացքում իրականացված միջոցառումների արդյունքները, քննարկվել են երկրորդ փուլի շրջանակներում նախատեսված միջոցառումները:

Երկուստեք ընդգծվել է ծրագրի ներդրման կարևորությունը զինված ուժերում մարդու իրավունքների վերաբերյալ իրազեկվածության բարձրացման, կրթական կարողությունների զարգացման և պաշտպանական գերատեսչության ինստիտուցիոնալ բարեփոխումներին օժանդակության, համագործակցության շարունակականության ապահովման համատեքստում ընդգծվել է ձեռք բերված արդյունքների պահպանման ու ընդլայնման անհրաժեշտությունը:

Պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել Նատալյա Վուտովային  2016թ.-ից հաստատված արդյունավետ համագործակցության համար և մաղթել հաջողություն նոր պաշտոնում:

Ծրագիրն իրականացվում է Եվրոպայի խորհրդի գործողությունների 2019-2022 թթ․ ծրագրի շրջանակում և ֆինանսավորվում է Գերմանիայի, Իռլանդիայի, Լիխտենշտեյնի և Շվեդիայի կողմից:

--0--ԱՀ