Քննադատելիս «քարը քարին չթողնել». Սերժ Սարգսյանը ՀՀԿ նիստում ելույթ է ունեցել․ «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 13, 24News

Thumbnail

«Հրապարակ» թերթը գրում է. «Կիրակի օրը մոտ 4 ժամ տևած ՀՀԿ խորհրդի նիստում Սերժ Սարգսյանը մանրամասն ծրագրային ելույթ է ունեցել, որի հիմնական թեզը՝ ընդդիմություն դառնալու մասով, հետևյալն է եղել․ իրենք կեղծ ընդդիմությունից տարբերվելու են նրանով, որ իշխանությունների ցանկացած ասածին չեն հակադրվելու․ «Եթե երկրի շահի տեսանկյունից իշխանությունը քայլ է անում, միանշանակորեն պաշտպանվելու է մեր կողմից, եթե՝ ոչ, քարը քարին չի թողնվելու»։

«Քարը քարին»-ը հիմնականում առնչվել է ղարաբաղյան խնդրին։ «Էստեղ մենք լինելու ենք անզիջում, պայքարելու ենք մինչև վերջ»,- շեշտել է Սերժ Սարգսյանը։

«Ինչի արտացոլումը Դավիթ Շահնազարյանի ներկայությունն է մեր ցուցակում․ հիշենք, որ նա եղել է ղարաբաղյան հարցով հատուկ դեսպան»,- ասաց մեր աղբյուրը։ Ի դեպ, Դավիթ Շահնազարյանը ՀՀԿ համամասնական ցուցակի երկրորդ հորիզոնականում է լինելու։

Երեկվա դրությամբ ևս դեռ բաց էր առաջին կին թեկնածուի հարցը․ Արփինե Հովհաննիսյանը բոլոր դեպքերում պնդել է, որ պատրաստ չէ ռեյտինգային կարգով առաջադրվելու, ցուցակը ղեկավարող Վիգեն Սարգսյանը վերջինիս առաջարկել է կարգը չխախտել, առաջադրվել, սակայն ընտրարշավի ժամանակ ասել, որ շատ զբաղված է շտաբային աշխատանքներով և նպատակահարմար է համարում, որ իր ընտրողներն իրենց ձայնը տան Երևանի կենտրոնում առաջադրված ՀՀԿ ռեյտինգային մյուս թեկնածուին։

Ի դեպ, նույն պատճառով համամասնական ցուցակում չի լինի նաև Դավիթ Հարությունյանը․ նա կղեկավարի ՀՀԿ նախընտրական շտաբը։ Երևանի շտաբը կղեկավարի Արման Սահակյանը՝ Գալուստ Սահակյանի որդին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: