Ովքե՞ր են Հայաստանի ամենահարուստ նախարարները․ ԹՈՓ տասնյակ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 9, 24News 

24News-ն ուսումնասիրել է Հայաստանի Հանրապետության նախարարների հայտարարագրերը՝ պարզելու, թե ովքե՞ր են ամենաշատ եկամուտ ունեցողները։

Առանձնացված 10 ամենահարուստ նախարարների ցուցակն իր ունեցած եկամուտների չափով գլխավորում է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։ 

2020 թվականին ներկայացրած հայտարարագրի տվյալներով՝ նրան է պատկանում Mercedes-Benz մակնիշի մեկ ավտոմեքենա, որը ձեռք է բերել 2014 թվականին։ Արդարադատության նախարար նշանակվելուց հետո Բադասյանը մինչև նախորդ տարեվերջ ստացել է 8 մլն 779 հազար դրամ։ Բադասյանը որպես աշխատավարձ և շահաբաժին, ընդհանուր առմամբ, ստացել է մոտ 18 միլիոն 186 հազար դրամ։ Իսկ 2020-ին ներկայացրած հայտարարագրի տվյալներով՝ աշխատավարձից ստացված և այլ եկամուտներն ընդհանուր կազմել են 19 միլիոն 651 հազար 545 դրամ։ 

Արդարադատության նախարարը «Էկոշին Գրուպ» ՍՊԸ-ին 45 մլն 584 հազար դրամի փոխառություն (վարկ) է հանձնել, իսկ 41 մլն դրամ փոխառություն է ստացել «Ամերիաբանկ ՓԲԸ»-ից։ ՊԵԿ Ուսումնական Կենտրոն ՊՈԱԿ-ից նախարարը մոտ 192 հազար ՀՀ դրամ է ստացել՝ որպես քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից ստացված եկամուտ։ 

Ամենահարուստների ցուցակում 2-րդ տեղը զբաղեցնում է էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։ 2019-ին Էկոնոմիկայի նախարարի պաշտոնը ստանձնած Խաչատրյանը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին է ներկայացրել իր հայտարարագիրը, որում նշված է, որ նախարարին է պատկանում 6 անշարժ գույք, որից մեկը համատեղ սեփականության նոր կառուցված անշարժ գույք է, 2 հողամաս, 1 ավտոտնակ, 1 բնակարան` բազմաբնակարան բնակելի շենքում և մեկ ամառանոց։ Տիգրան Խաչատրյանը նաև հայտարարագրել է 28,100 ԱՄՆ դոլարի բաժնային արժեթղթեր, 1,000 Եվրո և 15,000 ԱՄՆ դոլար բանկային ավանդ։ Բանկային հաշիվներում առկա նախարարի դրամական միջոցները կազմում են 302 ԱՄՆ դոլար և 1 մլն 240 հազար դրամ։ Խաչատրյանի կանխիկ մջոցները կազմում են 23,000 դոլար։

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում աշխատանքի դիմաց Խաչատրյանը ստացել է 16 մլն 778 հազար դրամ։ Որպես տրված փոխառությունների դիմաց նախարարը ստացել է 818 հազար դրամ եկամուտ։

Հաջորդ ամենաշատ եկամուտ ունեցող նախարարը Սուրեն Պապիկյանն է։ Պապիկյանը հայտարարագրել է 3 հողամաս, որոնք գտնվում են Լոռիում։ 3-ն էլ նախարարը ձեռք է բերել 2003 թվականին։ Սուրեն Պապիկյանին է պատկանում նաև Արաբկիրում գտնվող 26 միլիոն 762 հազար դրամ արժողությամբ 1 բնակարան` բազմաբնակարան բնակելի շենքում, որը ներկայացված է որպես բաժնային սեփականություն։ Բնակարանը նա ձեռք է բերել 2019 թվականին։ Նախարարը հայտարարագրել է նաև մեկ Nissan մակնիշի ավտոմեքենա, որը գնել է 2014 թվականին։ 
Բանկային հաշիվներում նախարարի դրամական միջոցները կազմում են 13, միլիոն 111 հազար դրամ, իսկ կանխիկ դրամական միջոցները՝ 2 մլն 300 հազար դրամ և 2000 ԱՄՆ դոլար։ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնում Սուրեն Պապիկյանը ստացել է 17 միլիոն 964 հազար դրամ եկամուտ։ 

Ամենահարուստ նախարարների շարքերում է նաև պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, որը պաշտոնը ստանձնել է 2018 թվականին։ Տոնոյանը հայտարարագրել է մեկ բնակարան, որը գտնվում է Նոր Նորքում։ Նա անշարժ գույքը ձեռք է բերել 2019 թվականին, որը նշված է որպես նվիրատվություն։ Նախարարին է պատկանում Toyota մակնիշի մեկ մեքենա, որը նա գնել է 2014 թվականին։ Բանկային հաշիվներում Դավիթ Տոնոյանի դրամական միջոցները կազմում են 8 միլիոն 562 հազար դրամ, որպես կանխիկ՝ նախարարն ունի 3 մլն 500 հազար դրամ։ 

Պաշտպանության նախարարի պաշտոնում Տոնոյանը ստացել է 12 մլն 791 հազար 241 դրամ աշխատավարձ։ ՀՀ ՍոցԱպ Պետական Հիմնադրամից՝ 1 միլիոն 962 հազար դրամ։ Իսկ որպես այլ եկամուտ՝ պաշտպանության նախարարությունից նախարարը ստացել է ևս 7 միլիոն 134 հազար դրամ։ 

Մյուս ամենահարուստ նախարարը առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն է։ Երևանի Նոր Նորք զանգվածում Թորոսյանը հայտարարագրել է մեկ անհատական բնակելի տուն։ 2019 թվականի սկզբում նախարարը բանկերից մեկում ունեցել է 20 հազար 331 դոլար ավանդ, իսկ տարվա վերջում՝ մեկ այլ բանկում 32 հազար դոլար ավանդ։ Արսեն Թորոսյանը բարձր եկամուտներ ունեցող նախարարներից մեկն է, նա առողջապահության նախարարությունում աշխատանքի դիմաց ստացել է 18 մլն 183 հազար դրամ եկամուտ։

Նախարարը նաև իր բանկային հաշվին ունեցել է 1 մլն 925 հազար 798 դրամ, 119 դոլար և 22 հազար եվրո, իսկ 2019-ի վերջում՝ 114 հազար դրամ, 15 դոլար և 31 հազար եվրո։

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն իր եկամուտներով և դրամական միջոցներով ամենահարուստ նախարարների շարքերում է։ Նա Երևանում գտնվող 1 համատեղ սեփականությամբ անշարժ գույք է հայտարարագրել, ինչպես նաև՝ 1 բնակարան Ծաղկաձորում։ Նախարարին է պատկանում նաև մեկ Mitsubishi մակնիշի ավտոմեքենա։ 

Ատոմ Ջանջուղազյանի կանխիկ դրամական միջոցները կազմում են 10 մլն 350 հազար դրամ, 25,000 ԱՄՆ դոլար և 10 հազար Եվրո։ ՀՀ ֆինանսների նախարարությունից Ջանջուղազյանը ստացել է 15 միլիոն 196 հազար դրամ եկամուտ, ինչպես նաև որպես շահաբաժին նախարարը 2 մլն 260 հազար դրամ է ստացել Կարբի ջրհոս ՀԷԿ-ից։

Հաջորդ ամենաշատ եկամուտ ունեցող նախարարը ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն է, որն իր պաշտոնում նշանակվել է 2019 թվականին։ Տարվա սկզբում Արշակյանը ունեցել է 1 բնակարան՝ Դավթաշենում, որը ձեռք է բերել 2017 թվականին, իսկ ահա արդեն 2019-ի վերջին նա ևս մեկ բնակարան է ձեռք բերել, որը նշված է որպես նվիրատվություն։ Նախարարին է պատկանում Mercedes-Benz մակնիշի մեկ մեքենա, որը գնել է 2012 թվականին։ Բանկային հաշիվներում Արշակյանի դրամական միջոցները կազմում են 3 միլիոն 200 հազար դրամ, իսկ որպես կանխիկ նախարարն ունի 9 մլն 500 հազար դրամ։ Նախարարը պետական բյուջեից ստացել է 16 միլիոն 775 հազար դրամ եկամուտ՝ որպես աշխատանքի վարձատրություն։ 

Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը ևս ամենահարուստ նախարարների շարքերում է։ Նա պաշտոնը ստանձնել է 2018 թվականին։ Նախարարը հայտարարագրել է 1 բնակարան` բազմաբնակարան բնակելի շենքում, որը ձեռք է բերել 2011 թվականին։ Մնացականյանին է պատկանում նաև Volkswagen մակնիշի ավտոմեքենա, որը գնել է 2012 թվականին։

Բանկային հաշիվներում Մնացականյանի դրամական միջոցները կազմում են 18,000 ԱՄՆ դոլար և 11 մլն 560 հազար դրամ։ Արտաքին գործերի նախարարությունում աշխատանքի դիմաց Մնացականյանը ստացել է 16 մլն 776 հազար 991 դրամ։ 

Հաջորդ ամենահարուստ նախարարը Ֆելիքս Ցոլակյանն է։ Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնը Ցոլակյանը ստանձնել է 2018 թվականին։ Ցոլակյանը 2019 թվականի սկզբում 13 մլն դրամ կանխիկ միջոցներ է ունեցել, իսկ տարվա վերջում 20 մլն դրամ։ Արտակարգ իրավիճակների նախարարությունում աշխատանքի դիմաց Ցոլակյանը ստացել է 16 մլն 453 հազար 981 դրամ եկամուտ։ Ազգային անվտանգության ծառայությունից Ցոլակյանը ստացել է 3 մլն 85 հազար 560 դրամ կենսաթոշակ։ Նշենք, որ Ցոլակյանը 2007-ին նշանակվել էր ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնում։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ևս ամենահարուստ նախարարների շարքերում է։ Բաթոյանն իր պաշտոնը ստանձնել է 2019 թվականին։ Ընդհանուր առմամբ Զարուհի Բաթոյանի եկամուտները կազմել են 20 մլն 122 հազար 833 դրամ։ Նախարարի դրամական միջոցները կազմում են 8 մլն 533 հազար դրամ, 335 եվրո և 500 ԱՄՆ դոլար։ Զարուհի Բաթոյանը ստացել է 41 հազար դրամ եկամուտ որպես աշխատանքի վարձատրություն, ինչպես նաև 320 հազար դրամ՝ որպես քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից ստացված եկամուտ, 540 հազար դրամ կենսաթոշակ, նվիրատվության կարգով 783 հազար դրամ և 470,000 դրամ, իսկ նախարարությունում աշխատանքի դիմաց՝ 17 մլն 967 հազար 770 դրամ։

Սոնա Գրիգորյան 

--0--ԿԿ

Տեսանյութեր

Live

Լրահոս