Եկեղեցու պատմությունը ու մոլորված վարչակազմը

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 10, 24News

նկար

«Ամեն ծառ, որ բարի պտուղ չի տալիս, կտրվում և կրակն է նետվում: Ուրեմն իրենց գործերից կճանաչեք նրանց»:

Մատթեոսի Ավետարան 7:19-20 

 

Կառավարության ամենատապալված կադր Արայիկ Հարությունյանն իր պաշտոնավարման հենց սկզբից եկեղեցու դեմ որդեգրեց խտրական ու ագրեսիվ վերաբերմունք, և ի վերջո գործադիր մարմնի այս անդամը հասավ նրան, որ հոգևոր պատմության դպրոցական դասավանդումը տարալուծվեց այլ առարկաների մեջ` կորցնելով առանձինի ստատուսը: Միգուցե սա բավարարում պարգևի ձախողված Հարությունյանին և ղեկավարող թիմի մի հատվածին, սակայն եղածն իր հետևանքը հաստատ կունենա, քանզի խոսքը կարևորագույն մի երևույթի մասին է, որի դեմ բերված կրթության նախարարության փաստարկները կեղծավոր էին, կատարվածը՝ իր խորության մեջ վտանգավոր:

Առաջինը. ես դեմ եմ, երբ եկեղեցին համարում են ազգային արժեք՝ դրանով հավասարության հաստատման գործողություն կատարելով կրոնի և գաղափարական տարբեր տեսակների միջև: Օրինակ, չեն կարող քրիստոնեությունը և նժդեհիզմը կամ որևէ այլ իդեոլոգիա, լինել նույնիսկ մեկմեկու մոտիկ կանգնած: Հավատքը, որի հստակ դրսևորումը կրոնն է, իսկ օջախը` եկեղեցին, Աստծուց է, իսկ մնացյալը` մարդուց: 

Երկնայինը չի կարող ստորադասվել երկրայինին: 

Չմոռանանք՝ ինչ է ասում Տերը. «Երկինքն Իմ աթոռն է, և երկիրը՝ Իմ ոտքերի պատվանդանը» - Եսայի 66:1: 

Չի կարող ազգին, այսինքն՝ սահմանափակ քանակ արտահայտող հասկացողությանը, թեկուզ արժեքային իմաստով, պատկանել մի բան, որը իրենից վեր է և նրա վրա գերիշխող: Ազգը, հանրությունը, ժողովուրդը, մարդը պիտի հավերժ շրջապտույտի մեջ լինեն` անցնելով հավատքի խողովակի՝ եկեղեցու միջով, որպեսզի ֆիլտրացվեն, մաքրվեն ու զորանան, ամրապնդվեն և փրկվեն: 

Մարդիկ երկու առաջնորդության են ենթակա` քաղաքական իշխանությանը (պետությանը) և քահանայապետական դասին (եկեղեցուն), քանզի ամեն իշխանություն Աստծուց է («Ինձ է տրված ամեն իշխանություն երկնքում և երկրի վրա»: (Մատթեոս 28.18) և հոգևորականությանը լիազորություն Տերն է շնորհել («Ճշմարիտ եմ ասում ձեզ, ինչ որ կապեք երկրի վրա, կապված պիտի լինի երկնքում: Եվ ինչ որ արձակեք երկրի վրա, թող արձակված լինի երկնքում»: (Մատթեոս 18:18): 

Եվ ճշմարիտ էր Վազգեն Սարգսյանը, երբ իր վարչապետության ժամանակ կառավարություն հրավիրված առաջատար ԶԼՄ-րի գլխավորներին դիմեց խնդրանք-պահանջով, որպեսզի որոշ հարցերի (Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցի, նախագահի ինստիտուտ և բանակ) անդրադառնալիս մոտենան ամենայն լրջությամբ և քննադատության չափաբաժնում չանտեսեն պետության համար սյունադեր ու խորհրդակիր համակարգերի նշանակալից իմաստը: Սա պետական մտածելակերպի բարձր դրսևորում էր, որովհետև անկախ պետականությունը պահող հիմքերը ոչ թե իրար հաջորդող քաղաքական ճյուղերն են, այլ`  հոգևոր ու պատմական կառավարող ինստիտուտները, Սահմանադրությունը և ավանդույթները: 

Մայր օրենքով Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն ընդգծված դեր է հատկացված, ինչը բնական է, քանի որ մեր եկեղեցին, իր սկիզբը սկսելով Տիրոջից ու Աստծուց` Հիսուս Քրիստոսից, և անխափան շարունակվելով մինչև մեր օրերը, բացառիկ դերակատարություն է ունեցել հայ ժողովրդի կյանքում: Այստեղ  ճիշտ եմ գտնում հիշատակել Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կարևորագույն դիտարկումը. «Ի դեպ, 2025 թվականին լրանում է մեր պատմության ամենաերախտավոր անհատականություններից մեկի՝ Գրիգոր Լուսավորչի մահվան 1700-ամյակը, որի մեծագործությունն, իր շրջադարձային տարողությամբ և հայկյան քաղաքակրթության հետագա ընթացքը պայմանավորող արդյունքով, համեմատելի է թերևս միայն Մեսրոպ Մաշտոցի վաստակի հետ։ Ուստի սույն ժողովածուն կարելի է նաև համեստ տուրք համարել այդ նշանավոր տարեթվի հավուր պատշաճի արժեվորման պահանջին։ Հայաստանի քրիստոնեացում եւ գրերի գյուտ. ահա քաղաքակրթական նշանակություն ունեցող երկու բախտորոշ իրագործում, որոնք նրանց նախաձեռնողներին՝ մի դեպքում Գրիգոր Լուսավորչին և Տրդատ Գ թագավորին, մյուս դեպքում՝ Մեսրոպ Մաշտոցին եւ Վռամշապուհ արքային՝ որպես բացառիկ կերպարներ, առանձնացնում են Հայոց պատմության մնացյալ բոլոր հսկաներից («Ագաթանգեղագիտական պրպտումներ» գրքից): 

Տեր-Պետրոսյանի այս սահմանումը գիտական խորը ընկալումից ելնող ճշգրիտ և բացառիկ նշանակություն ունեցող բացահայտում-բնորոշում է, որը լավագույնս է արտահայտում ու ամբողջությամբ է ներկայացնում հայոց այն երկու երևույթները, որոնք քաղաքակրթական բնույթ և առավելագույն կարևորություն ունեն յուրաքանչյուր հայի գիտակցության համար: Տեր-Պետրոսյանական քաղաքակրթական թեզը կարիք ունի պետական աստիճանում որպես տեսություն ընդգրկվելու և համակարգային աշխատանքի տեսքով շարունակվելու: 

Ի՞նչ է նշանակում հոգևոր պատմության մատուցումը դպրոցներում: Խոսքը միայն եկեղեցու քրոնոլոգիական ուսումնասիրման մասին չէ, ամենևին, այլ քրիստոնեության ուսուցանումը… Քրիստոնեական դաստիարակություն, համամարդկային բարձրագույն արժեքների դասավանդում, Աստվածաշնչի մեկնություն, հոգևոր ուսմունքների բացատրություն: Այստեղ առարկան մեծ ու ճշմարիտ, բարոյական և հետաքրքիր, խորը ու անսահման գաղափարների մասին է, որոնց հետ նույնիսկ քիչ ու կարճ շփումը միայն դրական ազդեցություն են թողնում: 

Երեխային և պատանուն կրթել քրիստոնեության մեջ, նշանակում է բարի սերմեր ցանել ու հետո լավ բերք հավաքել, առաքինության համակարգեր ներդնել, ճիշտ ճանապարհը ցույց տալ, և պետության մեջ ավելի մշակված ու լուսավոր սերունդ և հասարակություն ստանալ (Աստված լույս է, և նրա մեջ խավար չկա. Հովհաննես առաքյալի Ա թուղթը 1.1-7): Կրթության համակարգը, և նրա մեջ հատկապես դպրոցը, ռազմավարական նշանակություն ունեն: Մարդ կարող է ծնվել անհաջող ընտանիքում, բայց դպրոցում մարդ դառնալ: Այսինքն՝ դպրոցը դարբնոց է, որի մեջ եկեղեցու պատմության փոխլրացված քրիստոնեական ուսուցման առարկան գլխավոր զարդերից մեկը պետք է լինի: Եվ հավատքից է գալիս պրոգրեսը. իզուր չէ, որ քաղաքակիրթ, զարգացած աշխարհը հենց քրիստոնեականն է:

Սա կարևոր է առավելապես մեր օրերում, երբ ակնհայտ է,  որ աշխարհում հավատավորության նահանջ կա (մոտենում ենք դեպի ներս խաչակրաց արշավանքի անհրաժեշտությանը), որ կատակլիզմները շատանում են, և առ Քրիստոս ապավինությունը, ինչպես միշտ, այնպես էլ հիմա, փրկության ու կատարելության համար միակ ճանապարհն է: Ինչպես նաև փաստ է, որ չնայած, ըստ վիճակագրության, հավատացյալների քանակով Հայաստանն առաջիններից է մոլորակում, սակայն իր ներսում ավելի շատ են անունով ու ձևով եկեղեցի գնացողները` բնույթով հեթանոսական հակվածություններով ավանդապաշտ աթեիստները, քան էությամբ ու կոչվածության գիտակցությամբ քրիստոնյաները: Ինչը նշանակում է, որ գործ կա անելու ու մշակների կարիք կա:   

Բացառելով պատահականությունները և ուշադրություն դարձնելով մանրուքներին, հետևելով աշխարհում կատարվող իրադարձություններին և նայելով Հայաստանում կառավարչակազմի տեսակին՝ հարց է առաջանում, թե ինչո՞ւ որոշվեց հոգևոր առարկայի ինքնուրույնության լիկվիդացումը և փաստացի դուրսմղումը իրականացնել հիմա: Իհարկե, սա չէր կարող տեղի ունենալ առանց Նիկոլ Փաշինյանի իմացության և թողտվության: Ժամանակը ընտրվեց պանդեմիայի ծածկույթի տակ գործելու տարբերակը, որը դավադրության տպավորություն է թողնում: Այսօրվա գործադիրը իր դեմ պայքարի մի ճանապարհ էլ բացեց, որի դրոշը անկեղծորեն վերցնելը միայն պատիվ կբերի վերցնողին, իսկ գործող վարչակազմին և նրանց համախոհներին՝ ընդամենը մեկ հիշեցում. «Չշփոթվե՛ք, Աստված չի անարգվում»: 
 

Ռուբեն Վարդանյան 

Պատմաբան, հրապարակախոս

--00—ԼՄ

Տեսանյութեր

Live

Լրահոս