Կործանիչ ավիացիան մեր ռազմական թատերաբեմում անելիք չունի. Աղաբեկյանը՝ շվեդական զենքի մասին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 13, 24News

Thumbnail

Անդրադառնալով շվեդական կործանիչներ ձեռք բերելու մասին Դավիթ Տոնոյանի  հայտարարությանը՝ Արցախի Հանրապետության նախկին փոխվարչապետ, Արցախի հերոս, Արցախի նախագահի խորհրդական Արթուր Աղաբեկյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Այսօր լսեցի պաշտպանության նախարարի խոսքը, որ մենք պատրաստվում ենք ձեռք բերել ռազմական կործանիչ ավիացիա։

Պարտքս եմ համարում բարձրաձայնել, որ մեր ռազմական թատերաբեմում, ինչպես երեկ կործանիչ ավիացիան անելիք չուներ, այնպես էլ՝ այսօր չունի։ Առավել ևս, մեր օրերում՝ բարձր տեխնոլոգիաների արագ զարգացման պայմաններում, նրա կիրառումը գրեթե դառնալու է անհնար՝ ցանկացած թատերաբեմում։

Ի դեպ, այս կարծիքին է նաև Ռուսաստանի քաղաքական ղեկավարությունը»,– գրել է Արթուր Աղաբեկյանը։

Աղաբեկյանի ֆեյսբուքյան գրառմանն է արձագանքել նախարարի պաշտոնակատարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

«Բազմաֆունցիոնալ օդուժի դերակատարության մասին բացասական գնահատականներ լսելը հատկապես ցավալի է ՀՀ ԶՈւ-երի նախկին ղեկավարներից, որոնք ունեն փառահեղ մարտական անցյալ, սակայն մյուս կողմից ոչ մի զարմանալի բան չկա… Կարծիքի իրավունք ունի ամեն մեկը, բայց մենք կառուցում ենք 21-րդ դարի բանակ»,– արձագանքել է Արծրուն Հովհաննիսյանը: