Ստամբուլի Սուրբ Սոֆիան պաշտոնապես դարձավ մզկիթ. թուրքական դատարանը հրապարակեց որոշումը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 10, 24News 

Սուրբ Սոֆիա

Թուրքիայի բարձրագույն վարչական դատարանը (Danıştay-Պետխորհուրդ) չեղարկել է Սուրբ Սոֆիայի տաճարին թանգարանի կարգավիճակ տալու մասին Թուրքիայի կառավարության՝ 1934թ․ նոյեմբերի 24-ի որոշումը։ Սա նշանակում է, որ այլևս ոչ մի իրավական արգելք չկա բյուզանդական շրջանի քրիստոնեական հնագույն տաճարը կրկին մզկիթի վերածելու համար։ Այս մասին գրել է Ermenihaber-ը։ 

Նշենք, որ Ստամբուլի պատմական կենտրոնում գտնվող  Սուրբ Սոֆիա (Այա Սոֆիա) հռչակավոր տաճարի կարգավիճակը թանգարանից մզկիթի փոխելու հարցը Թուրքիայի Պետխորհրդի օրակարգ էր բերել «Մնայուն հիմնադրամի պատմական ժառանգության ու շրջակա միջավայրի պահպանության միությունը»։ Միությունը դեռևս 2016թ․ էր նման հայցով դիմել Թուրքիայի բարձրագույն վարչական դատարան։

Հուլիսի 2-ին կայացած դատարանի նիստից հետո հայտարարվել էր, որ այդ գործով վճիռը կհրապարակվի 15 օրվա ընթացքում։

Նշենք, որ ավելի վաղ՝ 2005 և 2008 թվականներին, վերոնշյալ կազմակերպությունը դարձյալ դիմել էր նույն ատյանին՝ Սուրբ Սոֆիայի տաճարը թանգարանի վերածելու մասին որոշման չեղարկման և կառույցը մզկիթի վերածելու պահանջով, բայց մերժում էր ստացել։ --0—ՄՀ