ՍԴ կնճիռը չի հարթվել, ամբողջական լուծումը զգալի տարիներով հետաձգվել է․ Ջհանգիրյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 10, 24News 

Նախկին զինդատախազ, իրավագետ Գագիկ Ջհանգիրյանը կարծում է, որ Սահմանադրական դատարանի խնդիրն ամբողջությամբ չի լուծվել։ Բարձր դատարանը լիովին համապատասխանեցված չէ 2015թ․-ի Սահմանադրության մեջ նախատեսված ՍԴ-ի մոդելին, կոնցեպտին ու կառուցվածքին։ 

«Այն, ինչ կատարվել է, մասնակի փոփոխություն է։ Ես դա համարում եմ խնդրի փուլային լուծում։ Ինչ-ինչ հանգամանքերից ելնելով՝ իշխանությունը չգնաց խնդրի ամբողջական կարգավորմանը, այլ ընտրեց անդամներից 7-ից 3-ի խնդրի լուծումը՝ դատավոր հռչակելով մնացածին։
Հիմք ընդունելով միայն 12 տարվա պաշտոնավարման հանգամանքը՝ իշխանությունը մի պահ մոռացավ կամ մի կողմ դրեց այդ անդամների ոչ լեգիտիմությունը, որովհետև նոր ՍԴ-ում դատարանի անդամներ գոյություն չունեն։ Կարծում եմ՝ խնդրի ընդամենը փուլային լուծում էր, իսկ ամբողջական լուծումը զգալի տարիներով հետաձգվել է»,- 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է Ջհանգիրյանը։

Պարզաբանելով Բարձր դատարանի կողմից սահմանադրական փոփոխություններին հավանություն տալու վերաբերյալ քննարկումները և եզրակացություն տալու վերաբերյալ տարակարծությունները՝ իրավագետը վստահեցրել է, որ ցանկացած փոփոխության պարագայում այդ Սահմանադրական դատարանը պետք է եզրակացություն տար, որ այդ փոփոխությունը հակասում է սահմանադրությանը։

«Օրինակ՝ հիմա խորհրդարանական կառավարման համակարգ է։ Ենթադրենք՝ իշխանությունը որոշում է անցնել նախագահական կառավարման կամ հետ գնալ կիսանախագահական մոդելի։ ՍԴ-ն պետք  է եզրակացություն տա, որ այդ փոփոխությունը հակասում է 2015թ․-ի Սահմանադրությանը, հետևաբար եզրակացությունը բացասական է լինելու, և այդ հարցը քննարկումից դուրս է գալու։ Ի՞նչ է ստացվում․ ՍԴ-ն այս Սահմանադրությամբ յուրացրել է սահմանադիր՝ ժողովրդի, սահմանադրություն ընդունելու, փոփոխելու, լրացնելու իրավունքը, քանի որ ինքը կես ճանապարհից այդ խնդիրը հանում է»,- պարզաբանել է Գագիկ Ջհանգիրյանը։

Մյուս կողմից էլ Ջհանգիրյանը մեկնաբանել է, որ 213-րդ հոդվածի փոփոխությունը վերաբերում էր հենց ՍԴ-ին, հետևաբար այս դատարանն այս վեճում շահագրգիռ կողմ  է, որովհետև իր լիրազորություններին, իր անդամներից 7-ին էր վերաբերում և ինքը չէր կարող լինել արբիտր։
 
Շարունակությունը՝ տեսանյութում։

--0--ԿԿ

Տեսանյութեր

Live

Լրահոս